«Հրապարակը» չի լքի տարածքը. հարկ եղած դեպքում դատարան կդիմեն. politik.am
Advertisement 1000 x 90

«Հրապարակը» չի լքի տարածքը. հարկ եղած դեպքում դատարան կդիմեն. politik.am

Քիչ առաջ «Հրապարակ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է ծանուցում այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող խմբագրությունը պետք է հինգ օրում ազատի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը: Օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանի ավագանու որոշմամբ: Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Politik.am-ի հետ զրույցում ասում է, որ ապշած է այս վերաբերմունքից, և հատկապես զարմացած է, որ, ըստ էության, Հայկ Մարությանն է նախաձեռնող հեղինակը: Ըստ Օհանյանի՝ ծանուցման հիմնավորումը եղել է մի նախադասությամբ՝ «պետական գույքի արդյունավետ կառավարելու համար»:

«Թե ու՞մ պիտի տրամադրեն այս տարածքը, և ո՞վ ավելի արդյունավետ պետք է օգտագործի այդ 90 քմ տարածքը, քան «Հրապարակը», հայտնի չէ: Իսկ վերջինս ամեն օր լրատվություն է հասցնում հասարակությանը, ծառայում է երկրին, բազմաթիվ այցելուներ ունի, մարդիկ այցելում են, ներկայացնում են իրենց խնդիրները, հույս են կապում: Բացի այս ամենը՝ մեծ գումարներ ենք ծախսել տարածքի նորոգման, կահավորման համար»,-ասում է Օհանյանը:

«Ինչ է նշանակում լրատվամիջոցի համար 5 օրում լքել տարածքը, որտեղ կան 10-ից ավելի համակարգիչներ, տեղակայված ցանց, ընթերցողներին հայտնի հասցե: Ընդհանրապես, ինչ անբարոյականություն է նման վերաբերմունք դրսևորել մամուլի հանդեպ»,-ասում է օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Մեր հարցին, թե սա կարո՞ղ էր կապ ունենալ, օրինակ,  իշխանությունների խաշկերույթի մասին «Հրապարակի» գրած հրապարակման հետ, որին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմինե Օհանյանը պատասխանում է.«Ցանկացած ենթադրություն, ցանկացած վերլուծություն կարելի է անել այս պարագայում, բայց եթե ելնում ենք փաստերից, պետք է նշել՝ պայմանագիրը չի ավարտվել, կա ավագանու որոշում և կա այն փաստը, որ 2009 թվականից«Հրապարակ» օրաթերթը ըեղակայված է քաղաքապետարանին պատկանող այս շենքում և բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ»:

Արմինե Օհանյանն ասաց, որ տարածքը չեն լքելու, պաշտպանելու են իրենց իրավունքները, անհրաժեշտության դեպքում էլ դատարան կդիմեն:

politik.am



Նման նյութեր