«Ու էս ամենը ՀՀ վարչապետի՝ Իրան այցին ընդառաջ». Վարուժան Գեղամյան
Advertisement 1000 x 90

«Ու էս ամենը ՀՀ վարչապետի՝ Իրան այցին ընդառաջ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հարևան Իրանում երեկ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Երեկ Իրանում պաշտոնական այցով էր գտնվում Սիրիայի նախագահ Բ. Ասադը։ Մինչև բուն թեմային անցնելը պիտի հերթական անգամ փաստենք, որ էս մարդուն հալալ ա. 8 տարուց ավել դիմանալ էս աստիճանի ճնշումների ու գրոհների և ոտքի վրա մնալ կարող է ոչ յուրաքանչյուր նախագահ (իսկ Ասադի դեպքում՝ նաև սաղ կյանք աչքի բժիշկ աշխատած մարդ):

Վերադառնալով Իրան այցին։ Ասադը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ա. Խամենեին և նախագահ Հ. Ռոհանիին։ Հանդիպման բուն իմաստն ու բովանդակությունը, կարծում եմ, կռահում եք, թե ինչ է եղել։ Հանդիպումից հետո Ինստագրամի իր էջում (միակ սոցցանցը, որը անարգել աշխատում է Իրանում) իր հրաժարականի մասին հայտնեց Իրանի ԱԳՆ Ջ. Զարիֆը, ով համարվում է Իրան-Արևմուտք երկխոսության և մասնավորապես միջուկային համաձայնագրի գլխավոր ճարտարապետներից մեկը։ Իր հեռացումը շատ կարևոր ազդակ է թե Իրանի ներքաղաքական վերադասավորությունների մասով, և թե արտաքին հարաբերություններում առկա տարաձայնությունների մասով։

Լուրեր կան, որ Զարիֆը անհնար է համարել իր աշխատանքը՝ Ասադին Թեհրանում ընդունելուց հետո (որին, իմիջիայլոց, ինքը ներկա չէր)։

Այս պահի դրությամբ անհայտ է մնում այն, թե արդյոք նախագահ Ռոհանին ընդունել է հրաժարականը, թե ոչ (նախկինում էլ է եղել դեպք, երբ Զարիֆը հրաժարական է տվել, բայց այն չի ընդունվել)։ Ու էս ամենը ՀՀ վարչապետի՝ Իրան այցին ընդառաջ։

Մի բան էլ հավելեմ. իմ անձնական ընկալմամբ Զարիֆը մեր ժամանակների լավագույն դիվանագետ պրոֆեսիոնալներից է։ Գերագույն հաճույք էր հետևել իր ելույթներին ու խոսքին ընդհանրապես»:



Նման նյութեր