Արմեն Դարբինյան. «Սիրելի բարեկամներ և ընկերներ, շնորհակալություն եմ հայտնում դստերս պսակադրության կապակցությամբ ստացված բազմաթիվ շնորհավորանքների համար»
Advertisement 1000 x 90

Արմեն Դարբինյան. «Սիրելի բարեկամներ և ընկերներ, շնորհակալություն եմ հայտնում դստերս պսակադրության կապակցությամբ ստացված բազմաթիվ շնորհավորանքների համար»

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի բարեկամներ և ընկերներ, շնորհակալություն եմ հայտնում դստերս պսակադրության կապակցությամբ ստացված բազմաթիվ շնորհավորանքների համար։ Միևնույն ժամանակ նկատեցի որ մոտ երեք տասնյակ լրատվական կայքեր արտատպել են Դուբայում կայացած հարսանյաց հանդեսի վերաբերյալ Ժամանակ թերթի՝ իրողությունը ամբողջապես խեղաթյուրող նյութը, որում փորձ է կատարվել նույնականացնել մեր զավակների հարսանիքը տխրահռչակ «էլիտարների» հետ։ Այս կապակցությամբ էժան սենսացիաների որոնման դեգերումներում գտնվող անիմաստ հեղինակներին ունեմ հայտնելու հետևյալը.

1) Նախկին կամ ներկա իշխանություններից հարսանիքին մասնակցել եմ միայն ես. ոստիկանապետի պաշտոնը կամ առավելևս երկրի ղեկավարի զավակի կարգավիճակը երբեք չեմ ընդունել որպես «իշխանություն», և ձեզ էլ հորդորում եմ նույնկերպ ընկալել՝ անձնային արժանապատվությունը փորձեք երբեք չկորցնել, այլապես խղճիկանում եք:

2) Իմ կողմից հարսանիքին հրավիրված են եղել բացառապես իմ մանկության և ուսանողական տարիների ընկերները։ Դրանց մեջ, ցավոք, որևէ ՀՀ քաղաքացի չկա։

3) Ինչու՞ Դուբայում՝ շատ պարզ. դստերս ընտրյալի՝ Ավայանների պատվարժան ընտանիքը արդեն երկու տասնամյակից ավել բնակվում և գործունեություն է ծավալում Արաբական Էմիրություններում, Հայաստանում չունեն բիզնես հետաքրքրություններ։ Շատ արժանի մարդիկ են, բազմաթիվ անգամներ իրենց հզոր բարերարությամբ օժանդակել են մեր պետությանը և ժողովրդին (մասնավորապես վերջերս մեր բոլորի պարծանքը դարձաց ռազմական նվագախմբի և թմբկահարների ելույթի կազմակերպման հարցում):

4) Կյանքումս երբեք չեմ մասնակցել այսպես կոչված «էլիտար» հարսանիքներին, ուղղակի մերժել եմ. ինչպես կասեր կլասիկը. «Մի խառնեք մեզ ձեր վայրի ցեղերի հետ…»)):

5) Ալիսայի և Սերգեյի հարսանիքը մենք ծնողներով փորձեցինք վերածել մեր լավագույն երիտասարդության ուրախության և ոգևորության տոնի. մասնակիցների ճնշող մեծամասնությունը հարսի և փեսաի մտերիմ ընկերներն էին, օրինակելի ու շատ ջերմ քեֆ արեցին ջահելները՝ ի ուրախություն մեզ բոլորիս:

6) Ժամանակ թերթը ճիշտ կաներ գոնե այս գրառումից հետո շնորհավորեր նորապսակներին։ Սիրեք զմիմյանս, թանկագիններս, դա ավելի առողջարար զբաղմունք է, հավատացնում եմ ձեզ»։



Նման նյութեր