Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
- Երեխաներից շատերը դեռևս չունեն վկայագրեր այն դեպքում, երբ վկայագրի առկայությունը հաստատություն ընդունվելու կարևոր նախապայման է,
- Պետք է վարվեն երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության դեպքերի արձանագրման մատյանները,
- Բուժանձնակազմը պետք է ունենա շուրջօրյա ներկայացվածություն,
- Դեղամիջոցները երեխաներին պետք է տրամադրվեն բժշկական կրթություն ունեցող անձնակազմի կողմից,
- Պետք է առկա լինեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար հարմարեցված դասագրքեր,
- Պետք է հատուկ դպրոցում ներգրաված մասնագետների համար ներդնել վերապատրաստման համակարգ,
- Շենքի տանիքը և ննջասենյակներն ունեն անհապաղ վերանորոգման կարիք և այլն։
Նշենք, որ անցյալ տարի սեպտեմբեր ամսին Պաշտպանի ներկայացուցիչների ևս մեկ չհայտարարված այցից հետո հաստատությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ։ Մասնավորապես, 6 երեխա տեղափոխվել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ:
Բացի այդ, սանհանգույցներում արդեն առկա է օճառ և զուգարանի թուղթ, առանձնացվել և վերանորոգվում է բժշկական մեկուսարան, տարածքային պոլիկլինիկայի հետ հաստատված է համագործակցություն և պոլիկլինիկան սպասարկում է նաև հաստատության երեխաներին, տեղադրվել է բողոքների արկղ երեխաների համար և այլն։
Այցի արդյունքում արձանագրված խնդիրները մանրամասն կվերլուծվեն և պետական իրավասու մարմիններին կներկայացվեն խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ։