Երևանի քաղաքապետարանը աղբատար 24 մեքենա ձեռք բերելու մրցույթ կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել: Տեխնիկական բնութագրի մեջ դրվել է շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով հնչող կարծիքներին, թե մրցույթի տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն կոնկրետ մակնիշի մեքենայի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությանը:
«Իրականում, քաղաքապետարանը մրցույթը կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի բեռնված մեքենաները կարողանան հասնել աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարեւոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ»-ներ, օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ»-գրել է Կարապետյանը:
Նա նշել է նաև, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին: