Ինչպես են Facebook, Youtube և Pinterest սոցցանցերն արձագանքել հակապատվաստումային ակտիվությանը
Advertisement 1000 x 90

Ինչպես են Facebook, Youtube և Pinterest սոցցանցերն արձագանքել հակապատվաստումային ակտիվությանը

Վերջին տարիներին պատվաստումներին դեմ մարդիկ սկսել են մեծ ակտիվություն դրսեւորել, որը, փորձագետներից շատերի կարծիքով, մեծ թվով երկրներում կարմրուկի բռնկումների պատճառն է դարձել: Համացանցը մեծ դեր է խաղում պատվաստման մասին ապատեղեկատվության տարածման գործում, այս պատճառով Facebook-ը, Youtube-ը եւ Pinterest-ը՝ յուրաքանչյուրը յուրովի է արձագանքել հակապատվաստումային գործողություններին:

CNN-ին Facebook-ի չներկայացած ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը ներկայումս խորհրդակցում է հանրային առողջության ոլորտի փորձագետների հետ, որպեսզի պատվաստումների մասին ապատեղեկատվությանը հակազդելու արդյունավետ ռազմավարություն մշակի: Վերջին տեղեկություններով՝ նրանց արգելափակել չեն պատրաստվում, բայց ցանկանում են նրանց պակաս նկատելի դարձնել: Ավելի շուտ, էջերի հաղորդագրությունները, որոնցում նկատվում է սխալ տեղեկությունների տարածում, ցույց կտրվեն լրահոսի վերջում, իսկ խմբերը, որոնցում պատվաստումների դեմ քարոզչություն է տարվում, խորհուրդ տրվողների թվում օգտատերերին չեն հանդիպի:

Facebook-ի խոսնակ Էնդի Սթոունն, իր հերթին, հայտնել է, որ ընկերության քաղաքականության մեջ լրացուցիչ փոփոխությունների մասին շուտով հայտնի կդառնա:

Pinterest-ն, իր հերթին, արգելափակել է «vaccination» հարցմամբ որոնումները, ինչպես նաեւ մի շարք այլ հարցումներ՝ կապված «քաղցկեղի բուժման» հետ: Եթե օգտատերը գրի այս որոնման հարցումներից մեկը, կհայտնվի դատարկ էջում: Սոցցանցը նաեւ արգելափակել է ակաունտները եւ հեռացրել փիները, որոնք խախտում են բժշկական ապատեղեկատվության մասին կանոնը: Սակայն խնդիրն այն է, որ ռուսերենով հարցումների վրա այս արգելքները դեռեւս չեն տարածվում:

Ինչ վերաբերում է Youtube-ին, ընկերության խոսնակը BuzzFeedNews-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ պատվաստումներին դեմ օգտատերերի տեսանյութերը վտանգավոր եւ վնասակար են, այս պատճառով անցկացվել է պատվաստումների դեմ հոռետեսական վերաբերմունք քարոզող ալիքների վերանայում:

«Մենք խիստ քաղաքականություն ունենք, որը մատնանշում է, թե որ տեսանյութերում է թույլատրվում գովազդ, եւ այն հոլովակները, որոնք տարածում են հակապատվաստային կոնտենտ, եղել եւ մնում են վնասակար ու վտանգավոր տեսանյութերի վերաբերյալ մեր հաստատված գովազդային քաղաքականության խախտում»,- նշվում է հայտարարությունում:

Վերջին շրջանում Youtube-ում մեծ թվով գովազդային հայտարարություններ են հայտնվել, որոնք առաջարկում են բժշկական ապրանքներ եւ ծառայություններ, դրանցից շատերը ցուցադրվել են պատվաստման նկատմամբ բացասական վերաբերմունք տարածող ալիքներում, հաղորդում է BuzzFeedNews-ը:

Պարբերականը որպես օրինակ բերում է՝ «Մայրն ուսումնասիրում է պատվաստանյութերը, պարզում պատվաստման սարսափները եւ հրաժարվում պատվաստումից» (Mom Researches Vaccines, Discovers Vaccination Horrors and Goes Vaccine Free) անվանումով տեսանյութը:

YouTube ալիքների շատ սեփականատերեր վաստակում են իրենց հոլովակներում գովազդային հայտարարությունների ցուցադրմամբ: Ներկայումս պատվաստումներին դեմ օգտատերերի ալիքներից գովազդները հեռացրել են, բայց շատ գովազդատուներ հասցրել են վրդովվել. նրանք չգիտեին, որ իրենց հայտարարությունները կարող էին ցուցադրվել հակապատվաստային հոլովակներում. դա կարող էր ազդել նրանց հեղինակության վրա:

med.news.am