Արթուր Ղազինյան. «Առաջնորդվելով բացառապես ԵՊՀ շահով և լինելով նվիրյալ համալսարանական, ցանկանում եմ առանձնացնել մի քանի մտահոգիչ հանգամանքներ»
Advertisement 1000 x 90

Արթուր Ղազինյան. «Առաջնորդվելով բացառապես ԵՊՀ շահով և լինելով նվիրյալ համալսարանական, ցանկանում եմ առանձնացնել մի քանի մտահոգիչ հանգամանքներ»

Հայաստանի նոր իշխանության կողմից որպես առաջնահերթություն դիտարկվող նպատակներից մեկը կրթական հաստատությունների ապաքաղաքականացումն է, ինչին էլ, թվում է, թե միտված են ԵՊՀ-ի շուրջ ընթացող գործընթացները:

Չնայած հռչակված նպատակի կարևորությանը, պետք է արձանագրել, որ դրա անվան ներքո հապճեպ ընթացող գործընթացները առավելապես խոր մտահոգության տեղիք են տալիս:

Շուրջ մեկ ամիս առաջ Լիազոր մարմնի և ՀՀ կառավարության կողմից հաստատվեց ԵՊՀ կառավարման` Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որն էլ ռեկտորի 2018թ գործունեությունը միաձայն դրական գնահատեց: Սակայն հատուկ հրավիրված վաղվա նիստում նույն խորհուրդը պատրաստվում է դադարեցնել ռեկտորի լիազորությունները՝ հիմնավորելով ԵՊՀ-ի դեմ ծավալված այս արշավը անկախության, ապաքաղաքականացման և ակադեմիական ազատության ապահովման պահանջով։

Առաջնորդվելով բացառապես ԵՊՀ շահով և լինելով նվիրյալ համալսարանական, ցանկանում եմ առանձնացնել մի քանի մտահոգիչ հանգամանքներ՝

1. Համալսարանի վերաքաղաքականացումը թույլ չտալու և ԵՊՀ-ն իշխանությունից անկախ պահելու հրամայականը։

Անկախության և ապաքաղաքականացման առավել լավ նախադրյալներ, քան այսօրվա Հայաստանում, Համալսարանը երբեք չի ունեցել։ Եթե նոր իշխանությունն իրականում ցանկանում է տեսնել Համալսարանն ազատ և անկախ, ապա պետք է հեռու մնա ԵՊՀ կառավարման գործընթացից և բոլոր միջոցներով նպաստի, օժանդակի ԵՊՀ-ի կողմից իր պատմական առաքելության իրականացման, Մայր Բուհի ոչ թե հեղինակազրկմանը, այլ հեղինակության բարձրացմանը, ոչ թե բոլոր միջոցներով ձգտի ռեկտորի պաշտոնում տեսնել իր (սակայն ոչ Համալսարականների) համար ցանկալի անձին, այլ նպաստավոր պայմաններ ստեղծի Համալսարանականների ազատ կամահայտնության դրսևորման և ԵՊՀ-ի ղեկավարի ընտրության համար։

2. Կրթական համակարգի բարեփոխման հայեցակարգի և ռազմավարության բացակայությունը.

Եթե նոր իշխանություններն ունենանային կրթության ոլորտի, հատկապես բուհական և հետբուհական, համակարգի բարեփոխման հայեցակարգ, ապա հասկանալի կլիներ ռեկտորներին փոփոխությունը։ Կարող էին հայտարարել, որ նոր հայեցակարգի հիմքում դրված է նոր որակի կառավարում, իսկ գործող ռեկտորները չեն համապատասխանում այդ չափանիշներին, կամ էլ վերջիններս համաձայն չեն նոր ռազմավարության հետ և չեն ցանկանում պրակտիկայում իրագործել այն։

Այդպիսի հայեցակարգի բացակայության պայմաններում այս արշավը բուհական համակարգի դեմ դառնում է ինքնանպատակ՝ իշխանության քաղաքական շահերը սպասարկող և բավարարող ակցիա։

3. ԵՊՀ ինստիտուցիոնալ կայունության երաշխավորումը.

Եթե յուրաքանչյուր իշխանափոխության արդյունքում նշանակված ամեն նոր նախարար փորձի փոխել ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ապա մենք շատ կարճ ժամանակահատվածում կկորցնենք և կքանդենք Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, ինչն իմ կարծիքով, հանդիսանում է ազգային անվտանգության խնդիր։

4. ԵՊՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործում նոր և նախկին իշխանությունները նույնականությունը.

Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի ձևավորման առաջին իսկ օրից խնդիր էր դրել գլխավորել այն և Համալսարանը պահել առավելագույն վերահսկելի միջավայրում։

Ստեղծվում է տպավորություն, որ նույն քաղաքականությունն են որդեգրել նաև նոր իշխանությունները, որոնք ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում։ Իսկ այս ցանկությունն այլ կերպ, քան ԵՊՀ քաղաքականացում, որակել ուղղակի հնարավոր չէ։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր