Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի մեկնարկին, երբ ամբիոնի մոտ էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամ Դավիթ Ափոյանը, նախագահության սեղանին մոտեցավ «Ադեկվատ» հաղորդաշարի համահեղինակ, օրեր առաջ իր աշխատանքային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ խզած Նարեկ Մալյանը և նախորդ օրը Համալսարանի վարչական շենքում հավաքած մանրադրամներով արկղը դատարկեց նախագահության սեղանի վրա ու «Աննա Հակոբյանի հիմնադրամին կփոխանցեք, ու թող ԵՊՀ-ից հեռու մնա» ասելով՝ հեռացավ։
Մինչ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը անվտանգության աշխատակիցներին խնդրում էր ապահովել նիստի բնականոն ընթացքը, Նարեկ Մալյանը նետեց. «Էդ կտաք Աննա Հակոբյանին, հանկարծ ձեզ չպահեք», ապա ներողություն խնդրեց ու հորդորեց շարունակել նիստը։
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր դրված՝ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Օրակարգը չհաստատվեց, ու նիստը հետաձգվեց։
Մանրամասները՝ տեսանյությում։
ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ