Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք. Դավիթ Պետրոսյանը՝ գիշերվա միջադեպի մասին
Advertisement 1000 x 90

Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք. Դավիթ Պետրոսյանը՝ գիշերվա միջադեպի մասին

ՀՀ Ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում մարտի լույս 4-ի գիշերը ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»:

Նշենք, որ երեկ՝ կեսգիշերին, Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել իր տան մոտ: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա ֆեյսբուքյան «ուղիղ եթերով» պատմել դեպքի մանրամասները: Նա արարքը վերագրել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին՝ նշելով, որ հարձակվողները 8-10 հոգի են եղել, բացի այդ՝ 4 հոգի էլ պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում են կատարել։

«Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց։ Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր՝ ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել»,- ասել է Մալյանը։

Միջադեպից կարճ ժամանակ անց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը գրառում է կատարել ֆեյսբուքում. «Նարեկ Մալյանին ուզում էինք քցել զիբիլը, ոստիկանությունը բերման ենթարկեց»։

Ավելի ուշ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Նարեկ Մալյանին մատով անգամ չեն դիպել և ոչ մի հայհոյանք չի եղել։ «Ապրիլ-մայիսյան փոփոխություններից հետո բազում դրական աշխատանքներ ունենք անելու: Կան մարդիկ, որոնք փոփոխությունները չեն ուզում նկատել ու քանի որ բանական ճանապարհով՝ փաստարկներով, ինչ որ բան խոսելով՝ հաջողության չեն հասնում, մնում են անձնական վիրավորանքները: Այստեղ խոսքը Նարեկ Մալյանի մասին է, որն ամեն ինչ արել է, որ ԵՊՀ-ում տուրք տանք իր սադրանքներին, հոգաբարձուների նիստը տեղի չունենա, բայց մենք չտրվեցինք այդ սադրանքներին: Թավշյա հեղափոխության ընթացքում արժանապատվության պայքար է եղել, մեզ մոտ արժանապատվությունը մնացել է: Գիտենք՝ քաղաքային իշխանության համար աղբահանման խնդիրն ամենալուրջն է: Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք, ոստիկանների շնորհիվ նա չհայտնվեց աղբամանում»,- նշել է Դավիթ Պետրոսյանը։

Ապա Դավիթը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Կհրապարկենք աղբահանության գործընթացի ամբողջական տեսանյութը։ Արժանապատվությունը երբեք ոչինիչ հետ չենք փոխելու։

Մենք փորձեցինք բոլորին ուղղված վիրավորանքները մեր վրա վերցնել ու բացասականը խեղդել՝ դրական տարածելով»։

pastinfo.am



Նման նյութեր