Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ ակցիա էր կազմակերպել հասարակական գործիչ Նարեկ Մալյանը:
«Մեկ րոպե լռությամբ հարգենք Ջորջ Սորոսի մահը` ոչ ֆիզիկական, այլ քաղաքացիական մահը: Հայաստանում այլևս չկան ջորջսորոսներ, որոնք ծնվեցին այս շենքում ու հասարակությանը մոլորության մեջ փորձեցին գցել»,- հայտարարեց Մալյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ, մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Նշենք, որ Մալյանին քաշքշողները «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներն են եղել:
Ակցիային մասնակցող, ակտիվիստ Նարեկ Մանթաշյանն էլ իր խոսքում նշեց, որ, անպայման, պատասխանը տալու են: «Քանի որ նրանք արդեն փորձեցին տղամարդավարի ապրել, սա արդեն մեր դաշտն է: Մենք գիտենք տղամարդավարի պատժել, մենք կարողանում ենք ընտանիք ու երեխա հարգենք, մենք չենք պատրաստվում իրենց ծնողների կամ երեխաների ներկայությամբ իրենց առևանգել, բայց մենք պատրաստվում ենք ու, անպայման, իրենց ադեկվատ պատասխանը տալու ենք»,- ասաց նա:
Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչ է պատրաստվում սրանից հետո անել, նշեց, որ այդ ակցիան այս փուլի ավարտն էր: «Այս փուլը նախատեսում էր ԵՊՀ-ի Սորոսից ազատում: Շահարկումը գնում է, թե ես Արամ Սիմոնյանին հավանում եմ: Դա այդպես չէ, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Արամ Սիմոնյանին ԵՊՀ ռեկտորի պաշտոնում փոխարինի ուրիշ մեկը, բայց այդ մեկը հաստատ Սորոսի կադրերը չեն լինելու»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ իր վրա հարձակված ավազակախումբը ժամանակին փորձ է արել ճնշել հոգաբարձուների խորհրդի անդամներին, որոնց համարել են անբարեհույս:
Ամբողջությամբ՝ tert.am