Մանվել Գրիգորյանն այլևս «Նաիրի» բուժկենտրոնում չէ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանն այլևս «Նաիրի» բուժկենտրոնում չէ. armeniasputnik.am

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Գրիգորյանին «Նաիրի» բուժկենտրոն էին տեղափոխել փետրվարի 8-ին։ Բժիշկների կոնսիլիումը որոշում էր կայացրել ստացիոնար պայմաններում նախկին պատգամավորի բուժումը շարունակելու անհրաժեշտության մասին։

«Մանվել Գրիգորյանին դուրս են գրել շաբաթ օրը` մարտի 2-ին։ Այլ մանրամասներ չգիտեմ», – ասաց Գնունին։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավի դիմաց որոշում էր կայացրել ազատ արձակել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու որոշման դեմ։ Դատարանը դատախազության բողոքն ընդունվել է վարույթ և նրան կրկին կալանավորելու որոշում կայացրել։

armeniasputnik.am