Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Մենք կապվեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ, քանզի տիկնոջ հետ Փաշինյանի մեկնելու մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Կարապետյանը հաստատեց մեր լուրը, որ Աննա Հակոբյանը եւս Բրյուսելում է։
Բելգիայի հայկական շրջանակների մեր աղբյուրը հայտնում է, որ ամբողջ դիվանագիտական կորպուսը երեկ լծված է եղել Աննա Հակոբյանին և աղջկան՝ Մարիամ Փաշինյանին զվարճացնելու գործին։ Նրանց տարել են ռեստորաններ, բրենդային խանութներ։
Դիվանագետներին հրահանգված է եղել, որ Աննայի և դստեր այցը գաղտնի պահեն, նրանց պահել են Փաշինյանի հետ մեկնած լրագրողների աչքից հեռու։ Սակայն դիվանագետներն անհանգիստ են եղել՝ համայնքի աչքից այցը թաքցնելը չէր հաջողվի։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ փորձել էին թաքցնել, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու էր մեկնել նաեւ Աննա Հակոբյանը։ Փաստը Հակոբյանի խոսնակը հերքել էր, այն բացահայտվեց և հրապարակվեց լրատվամիջոցների, մասնավորապես politik.am-ի հրապարակումից հետո, որը գրեց, որ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։ Հրապարակվեց նաև 4 օրում գիշերակացի համար ծախսված գումարը՝ մոտ 6000 դոլար։