ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դատախազության կողմից ի պատասխան tert.am-ի հարցման տրամադրված՝ ՀՀ և ԱՀ զինված ուժերում սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվության մեջ ներկայացված՝ զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը փորձ է արվում մանիպուլյատիվ էֆեկտով ներկայացնել որպես միտումնավոր թաքցված: Քանի որ խոսքը վերաբերում է մի կողմից այնպիսի նուրբ, բարոյական հարցի, ինչպիսին մարդու և հատկապես զինվորական ծառայության հետ առնչվող անձի մահն է, իսկ մյուս կողմից՝ զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության չափազանց կարևոր գործոնին, ստիպված եմ հրապարակել զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերի էական հանգամանքները՝ խնդրի հերթական արհեստական շահարկումները կանխելու համար: Թե որքանով են այդ դեպքերը կապված զինվորական ծառայություն իրականացնելու, մարտական հերթապահության հետ, որքանով կարելի է այդ դեպքերի հետևանքով, ցավոք, մահացած անձանց որակել որպես զոհեր, և որքանով կարող էր առհասարակ իմաստ ունենալ այդ դեպքերը թաքցնել, թողնում եմ ընթերցողների բանական և ողջախոհ դատողությանը: 2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք: Դրանցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, 2-ը՝ ավտովթարի հետևանքով:
Մասնավորապես՝
1. Գ. Գ. Չոբանյան- պայմանագրային, սերժանտ
01.01.2019թ. Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 141-րդ կմ-ի հատվածում 21.30-ին, ազատ հերթափոխում գտնվելու ընթացքում, ավտոմեքենայով ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մահացել է:
2. Ս. Գ. Գևորգյան- ենթասպա
06.01.2019թ. ընդունվել է Մարտակերտի քաղաքային հիվանդանոց ՝ հիպերտոնիկ կրիզ, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսային խոց ախտորոշմամբ: Ժամը 11.50-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը:
3. Խ. Ս. Գևորգյան- պայմանագրային, շարքային
13.01.2019թ. ժամը 22.00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374-րդ կմ-ի հատվածում իր վարած ավտոմեքենայով բախվել է Իրանի քաղաքացու բեռնատարին և տեղում մահացել:
4. Կ. Տ. Լալայան- փոխգնդապետ
24.01.2019թ. ժամը 23.15-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայում գրանցվել է նրա կենսաբանական մահը, ախտորոշումը՝ քաղցկեղ:
Ի դեպ, առանձին անհիմն շահարկումներ կան նաև առ այն, որ նախորդ տարվա համեմատ զինված ուժերում մահվան դեպքերը շատացել են: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ եթե 2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ և ԱՀ ԶՈւ-երում մահվան ընդհանուր 7 դեպք, որոնցից երեքը՝ զինվորական ծառայության հետ կապված, 4-ը՝ զինծառայության հետ չկապված, ապա 2018թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մահվան ընդհանուր 11 դեպք, որոնցից 6-ը՝ զինծառայության հետ կապված, 5-ը՝ չկապված»: