23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, 10 000 դոլարի դիմաց պատվիրված սպանություն է իրականացրել՝ թմրամիջոցի մեծ քանակություն ներարկելով. ՔԿ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, 10 000 դոլարի դիմաց պատվիրված սպանություն է իրականացրել՝ թմրամիջոցի մեծ քանակություն ներարկելով. ՔԿ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2018թ. մարտի 8-ին արձանագրված, Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի մահը` թմրամիջոցների գերդոզավորմամբ որպես դժբախտ պատահար ձևացնելու եղանակով վերջինիս սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 2 անձ կալանավորվել է:

2018թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին. դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:

Դեպքից ամիսներ անց, այլ քրեական գործերի շրջանակներում, պարզվել են հիշյալ դեպքին առնչվող նոր հանգամանքներ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, նույն վարչական շրջանների դատախազության և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված բազմաթիվ անհետաձգելի քննչական գործողությունների և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սպիտակ քաղաքի բնակիչը ոչ թե մահացել է թմրամիջոցի գերդոզավորման արդյունքում, այլ դարձել է սպանության զոհ, որն իրագործվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալի պատվերով։

Այսպես՝ 2019թ. փետրվարին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ ՔԿՀ-ի կալանավորը՝  ծնված 1974թ. թվականին, ով մեղադրվում էր մարդու առևանգման համար և ում վերաբերյալ քրեական գործն այդ պահին գտնվել է դատաքննության փուլում, վրեժի շարժառիթով իր խցակցին՝ 1995թ. ծնված երիտասարդին, պատվիրել է հիշյալ գործով տուժող, Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված Է.Գյուլազյանի սպանությունը՝ մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:

Վերջինիս սպանությունը պատվիրելու համար նախատեսված վարձավճարի՝ 10 000 ԱՄՆ դոլարի շուրջ համաձայնության գալուց հետո, 23-ամյա խցակիցը քրեակատարողական հիմնարկից կապ է հաստատել 1995թ. ծնված իր ծանոթուհու հետ և ստացել սպանությունը նման եղանակով և համապատասխան գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը։

Այնուհետև, սպանությունն իրագործելու վերաբերյալ նախապես մշակված սցենարի և մեխանիզմի համաձայն՝ 23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով, կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և Գյումրի քաղաքի հյուրանոցներից  մեկում հանդիպել վերջինիս, որտեղ և թմրամիջոց է ներարկել նրան՝ տպավորություն ստեղծելու համար, թե մահը, իբր, վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորումից:

Հանցանքը թաքցնելու համար, գիտակցությունը կորցրած և անօգնական վիճակում գտնվող երիտասարդ տղամարդուն տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ և վերջինս 08.03.2018թ. ժամը 08։00-ին հայտնաբերվելուց հետո՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ` արտածին նյութերով սուր թունավորումից, որի կազմի մեջ են եղել «մեթամֆետամինի» և «կանաբինոիդների» խմբին պատկանող թմրալկալոիդներ։

Նկատի ունենալով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նոր հանցագործության, այն է՝ այլ հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, մի խումբ անձանց կողմից պատվերով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից դիտավորությամբ զրկելու դեպք, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով և առանձնացվել առանձին վարույթ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Է.Գյուլազյանի մահվան փաստի առթիվ 2018թ. ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք հետագայում կասեցվել են, իսկ Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ 14.08.2018թ. որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019թ. մարտի 4-ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի` Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 14.08.2018թ. որոշումը։

Բավարար ապացույցների համակցությամբ 1995թ. ծնված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ նույն թվականին ծնված տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.03.2019թ. որոշումներով վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 1974թ. սեպտեմբերի 5-ին ծնված Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լուսանկարում՝ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանը