Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցում գտնվող մանկապարտեզից մարտի 4-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխան մահացել է: Մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանն ասաց, որ երեխան բուժկենտրոն է ընդունվել «կլինիկական մահով», գիշերը արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը: «Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, դատաբժշկական փորձաքննություն է ընթանում»,- ասաց նա:
Հասկանալի պատճառներով բժշկական կենտրոնից հրաժարվեցին նշել երեխայի անունը: Սոցիալական ցանցերում քննարկում են, որ աղջիկ երեխային օգնության է հասել դայակը, երբ քնի ժամին տարօրինակ ձայներ է լսել ու պարզվել է, որ երեխան փսխում է: