Հայաստանի հեղափոխության մեջ որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել. Փաշինյանը՝ ՏԱՍՍ-ին
Advertisement 1000 x 90

Հայաստանի հեղափոխության մեջ որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել. Փաշինյանը՝ ՏԱՍՍ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում կարևորել է այն հանգամանքը, որ Ռուսաստանում ճիշտ ընկալեն Հայաստանում 2018թ. տեղի ունեցած հեղափոխության պատճառներն ու այն չդասեն գունավոր հեղափոխությունների շարքին:

«Նախորդ տարում Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանում հասարակության բոլոր շերտերը ճիշտ ընկալեն դրա էությունն ու պատճառները: Քանի որ, ցավոք, մինչ այժմ շատ փորձագիտական շրջանակներ Ռուսաստանում փորձում են Հայաստանում տեղի ունեցածը դասել, այսպես ասած, գունավոր հեղափոխությունների շարքին, շատ կարևոր է, որպեսզի մեր ռուս ընկերներն ու գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի ու որևէ արտասահմանյան ուժ գործընթացներում ներգրավված չի եղել: Սա ազգային ու իմ անձնական արժանապատվության հարցն է: Այնպիսի մեկնաբանությունը, որ որևէ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակների համար, վիրավորական է մեզ համար: Հայաստանը անկախ երկիր է, որն ունի արժանապատվության բարձր զգացումով անկախ ժողովուրդ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է վստահելի գործընկեր լինել այն երկրների համար, որոնց մեր երկիրը վստահելի է համարում:

«Մեզ համար շատ կարևոր է վստահելի գործընկեր լինելը: Մենք վստահելի գործընկեր կլինենք բոլոր նրանց համար, ում ինքներս ենք վստահելի գործընկեր համարում: Այս հարցում որևէ տարակուսանք լինել չի կարող: Իսկ ովքեր վստահելի չեն, մենք պետք է գնահատենք` արդյոք պե՞տք է նրանց մեզ գործընկեր համարենք»,- նշել է Փաշինյանը:



Նման նյութեր