Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ՝ գարնանը մարդու օրգանիզմը շատ ավելի ձգտում է բուսական, քան կենդանական սննդի: «Մարդու օրգանիզմը ձմռանը շատ ավելի էներգիայի և կալորիաների, սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի կարիք ունի, մինչդեռ գարնան սկզբին բնականորեն մեզ չեն ձգում կենդանական կերակուրները: Դա նաև կախված է նրանից, որ մենք այն եզակի ազգերից ենք, որ ճանաչում ենք 300 անուն վայրի ուտելի բույսեր»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մամուլյանը:
Անդրադառնալով պահքին և պահքի ընթացքում օգտագործվող սննդին, բանախոսն ընդգծեց, որ այդ ընթացքում շատ կարևոր է օգտագործել ոսպ, սիսեռ, լոբի՝ պահպանելու սպիտակուցների բալանսն օրգանիզմում: «Պասի ժամանակաշրջանը, որքան էլ մենք կապենք հավատալիքների հետ, նախ և առաջ կենսաբանական պահանջ է: Պահքային ուտեստներ շատ կան, օրինակ մշոշը, պասուց տոլման, վայրի ուտելի բույսերի տարբեր մշակումները, որոնց Հայաստանը եզակի երկիր է համարում»,-ասաց նա:
Սեդրակ Մամուլյանն ասաց, որ առաջիկայում պատրաստ կլինի ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Մենք առայժմ պետականորեն ամրագրված ազգային խոհանոց չունենք: Ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին մենք առաջարկելու ենք ստեղծել այդ ապրանքանիշը»,-հավելեց բանախոսը: