Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրականում Ադրբեջանը կիսով չափ է ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է հայտարարությունը, սակայն ամբողջ տեքստը գրված է կիսատ, քանի որ հայտարարության պայմանների մի մասին անդրադարձ չի կատարվել։
Ադրբեջանը ողջունել է միայն տարածքների հանձնման և տեղահանվածների բնակեցման մասին բարձրացրած հարցերը։ Խոսք չի գնացել Արցախին կարգավիճակ տալու հարցը, խաղաղապահ զորքերի մասին ևս ադրբեջանական կողմը լռել է։ Փաստացի Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ստանդարտ տեքստ է տարածել, որը տարիներ շարունակ մենք տեսել ու լսել ենք, ուղղակի վերնագիրը փոփոխել են, իբր դա կապված է վերջին տարածված հայտարարության հետ։
Բայց նույնիսկ երկու կետով հարցի հետ համաձայն լինելու դեպքում ևս ադրբեջանական կողմը կիսով չափ է դրանց հետ համաձայն։ Հստակ գիտենք, որ Բաքվից և Սումգայիթից տեղահանված բնակիչները չեն կարողանա վերաբնակեցվել իրենց տներում։ Փաստորեն խոսքը գնում է միայն ազատագրված տարածքների վերդարձնելու դեպքում այդ տարածքներում վերաբնակեցում իրականացնելու մասին, ինչի հետ իհարկե Ադրբեջանը համաձայն կլինի։
Ադրբեջանական կողմի նման ջանքերը մտադիր են բանակցությունները տեղափոխել ավելի անլուրջ ու կողմերից մեկի, տվյալ դեպքում իրենց, կապրիզները բավարարելու դաշտ։ Ու սրանց դեպքում ինչ էլ առաջարկվի միևնույնն է կգտնեն մեկ կամ երկու տարբերակ, որպեսզի այդ կետերը միայն քննարկեն։
Դրա համար նման գործունեությունը պետք է կասեցվի հենց մեր կողմից մեր պահանջների ներկայացմամբ։ Մեր փախստականների հարցի քննարկմամբ, մեր տարածքների հարցի քննարկմամբ, մեր անվտանգության հարցի քննարկմամբ և այլն։ Եթե այդ հարցերը մատների արանքով են քննարկվելու, ապա մենք ոչ բանակցելու ունենք, ոչ էլ փոխզիջելու»։