«Այս իրավիճակում ամբողջ ծանրությունն ընկնում է այն փոքրամասնության վրա, որը ատելություն չի տածում որևէ խմբի նկատմամբ»
Advertisement 1000 x 90

«Այս իրավիճակում ամբողջ ծանրությունն ընկնում է այն փոքրամասնության վրա, որը ատելություն չի տածում որևէ խմբի նկատմամբ»

Գեղամ Նազարյանի գրառումը. «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մեկ անգամ ևս վեր հանեց մեր հասարակության թերությունները, բացերը և այն ատելության մթնոլորտը, որ թևածում է մեր երկրում: Համանախագահների հայտարարությունը նաև ցույց տվեց, որ մենք ունենք հատվածական հիշողություն, որ մեր երկրում, ցավոք, իշխում է անցած դարի 30-ականների մթնոլորտը, և որ մենք, որպես պետություն ունեցող ազգ դեռ չենք ձևավորվել:

Հիմա չխորանանք համանախագահների հայտարարության մեջ, այլ անդրադառնանք հասարակության տարբեր խմբերի արձագանքին: Այնպիսի տպավորություն է, կարծես շատ քչերին է հետաքրքրում Մինսկի խմբի համանախագահների հայտարարության բուն տեքստը: Շատ քչերն են փորձում վերլուծել, հասկանալ, հետևություններ անել:

Գերակշիռ մասի համար սա լավ առիթ է ատելության հերթական չափաբաժինը մթնոլորտ արտանետելու համար: Նրանք, ովքեր դեռ պաշտում են Նիկոլ Փաշինյանին, շտապեցին հայտարարել, թե նման հայտարարության մեղավորները Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն են:

Նրանց անգամ չի հուզում, որ մինչև հիմա Փաշինյանը և իր թիմը Արցախի հարցի լուծման իրենց տեսլականը հստակ չեն հայտնել կամ հրապարակել:

Մեկ այլ խումբ սկսեցին մեջբերումներ անել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ և խաղաղություն» հոդվածից, ավելացնելով, որ եթե այն ժամանակ լսեիք նրան, ապա վաղուց հարցը փակված կլիներ:

Հետո բանավեճի ընթացքում հերթական ատելության արտանետումներն է տեղի ունենում և ոչ մի կառուցողական քննարկում և ոչ մի շահագգիռ քննարկում: Այնպիսի տպավորություն է, որ սա պարզապես առիթ է միմյանց նկատմամբ ատելությունը արտահայտելու համար:

Այս ամենը, ցավոք, հիշեցնում է 1930-ականները, երբ մրցակցություն էր տարբեր խմբերի միջև, թե ով ավելի շատ «գործ կտա», որի հետևանքով տուժում էին բոլորը, բայց համընդհանուր մղձավանջի մեջ շատ քչերն էին նկատում իրական պատկերը:

Եվ հիմա երբ ասում են, որ հատկապես հիմա Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Արցախի պատերազմում մեծ ավանդ ունեցող զինվորականների անդադար հարցաքննությունները թուլացնում են մեր դիրքերը, ատելությամբ լցված խմբերը սկսում են նոր ձերբակալություններ պահանջել, ավելի խիստ դատավճիռ են պահանջում, միայն թե բավարարեն իրենց նեղ անձնական և խմբակային շահերը, իսկ պետության մասին նրանք չեն էլ մտածում, նրանք դեռ պետություն ունեցող ազգի ներկայացուցիչ չեն:

Նրանց համար կարևորը նեղ անձնային և խմբակային բավարարվածությունն է: Համոզված եմ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ քչերն են կարդացել:

Շատերը խոսում են այդ հայտարարությունից միայն սրանից կամ նրանից ինչ որ կարծիք լսելուց հետո: Խոսում են ոչ թե որ մտահոգ են Արցախի հարցով, այլ պարզապես լավ առիթ է ինքնադրսևորվելու համար:

Ատելության մթնոլորտում զարգանում է նաև կեղծ հայրենասիրությունը և հիմա ոմանք մնում է վերնաշապիկներ հագնեն, որի վրա գրված կլինի՝ ոչ մի թիզ հող թշնամուն կամ անգամ իրենց մարմնի վրա դաջեն այդ կարգախոսը: և կրկին տուժում է բանականությունը, և կրկին տուժում է առողջ միտքը և մեծ հաշվով երկիրը և ժողովուրդը:

Եվ այս իրավիճակում ամբողջ ծանրությունն ընկնում է այն փոքրամասնության վրա, որը ատելություն չի տածում որևէ խմբի նկատմամբ, որը հատվածական հիշողություն չունի, և որը նեղ անձնական և խմբային շահը ստորադասում է պետության և ազգի շահին»:



Նման նյութեր