Նիկոլայ Գրիգորյան. «Արտակարգ իրավիճակներն ու կոռուպցիան. Յուրացումներ ու կաշառքներ»
Advertisement 1000 x 90

Նիկոլայ Գրիգորյան. «Արտակարգ իրավիճակներն ու կոռուպցիան. Յուրացումներ ու կաշառքներ»

Կոռուպցիան մարդկային զոհերի, աղքատության ու կորուստների պատճառ

Երբ մարդասերը վերածվում է մարդասիրեկանի: Ինչու են ԶԼՄ-ները շրջանցում այդ կոռուպցիոն գործարքները:

Բնական ու տեխնածին աղետներից բնակչության խոցելիության պատճառների մասին խոսելիս, մեղմօրոր աչքաթող է արվում կոռուպցիան, այն շատ հազվադեպ է դիտարկվում և ի ցույց չի դրվում: Կոռուպցիան, իր համար, աչքից հեռու, հիմնավոր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ՝ հանգիստ ծաղկում է, անպատիժ մնալով գործած ավերների, մեղքերի ու հանցագործությունների համար:

Այնուամենայնիվ, կոռուպցիայի հետևանքներն աղետալի են՝ նշում են ոլորտի փորձագետները, դրանք չեն սահմանափակվում գործող անձանց բարոյական անկումով, հանցավոր ու անարժան վարքագծով, մետաստազները թափանցում են բնակչության բոլոր խմբերի մեջ, խափանվում են զարգացման ծրագրերը, փոշիանում են ներդրումները, ընդունվում են իրավիճակային լուծումներ, արդյունքում՝ անավարտ ճանապարհներ, փլուզվող դպրոցներ, անհամարժեք առողջապահական համակարգեր: Սրանք հետևանքների ընդամենը մի քանի օրինակ են: Կոռուպցիոն գործարքները հանգեցնում են՝ կորուստների, ընչազրկության, տնտեսական վնասների, հիվանդությունների ու մահվան, իրավական նիհիլիզմի ու հավատի կորստյան: Ընդ որում, կոռուպցիան, այս կամ այն չափով առկա է շատ երկրներում:

Թրանսպարենսիի կազմած կաշառքների ինդեքսով վերջերս ամենակոռումպացվածը շինարարության ոլորտն էր: Բերվում են կոնկրետ օրինակներ. Եվրոպական սեյսմավտանգ մի երկրում 5500 դպրոցական շենքեր չէին համապատասխանում երկրի սեյսմիկ նորմերին, իսկ կեսից ավելին չունեին անվտանգության վկայական: Երկրի աղքատ մի շրջան հենց այդպիսին էլ մնացել է, չնայած որ 50 տարի անընդհատ միլիոնավոր դոլարների մարդասիրական ներդրումներ են արվել շրջանի ենթակառուցվածքների զարգացման համար: Իսկ մեկ այլ սեյսմաակտիվ երկրում գլխավոր ադմինիստրատորն անձամբ է յուրացրել 5 միլիոն դոլարի աջակցությունը: Այլ երկրում աչքի է ընկել հենց հակակոռուպցիոն գործակալության ղեկավարը, որի ստացած կաշառքը կազմել է 4,25 միլիոն ԱՄՆ դոլար:

Նման մասշտաբների կոռուպցիան պետք է դիտարկել ոչ թե անարդյունավետ կառավարում կամ պատահական սխալ, այլ ֆինանսական միջոցների կանխամտածված, անօրինական ու համակարգված յուրացում: Օրինակ բերված երկու երկրներում երկրաշարժերը ցույց տվեցին, որ դպրոցական շենքերն անորակ են կառուցվել. այդ պատճառով ամենամեծ ավերածությունները, զոհերն ու վնասվածքները տեղի են ունեցել հենց դպրոցներում: Շինարարական ոլորտի կոռուպցիան պատճառներից մեկն է, որը թույլ չի տալիս երկրաշարժերի ժամանակ կանխել շենքերի փլուզումը միայն շինարարական օրենսդրության օգնությամբ. բետոնի մեջ կարող են ցեմենտը քիչ լցնել, մետաղյա արմատուրան ամբողջությամբ չտեղադրել, և կտուժի շինարարության ընդհանուր որակը, եթե կաշառված տեսչությունը փակում է դրանց վրա իր աչքերը կամ ընդհանրապես չի ստուգում կատարած աշխատանքները: Թերությունները բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ շենքերը փլվում և ավերակ են դառնում երկրաշարժերից:

Շենքերի շինարարությունն, ինքնին՝ շղարշոտ գործընթաց է. Ոմանց աշխատանքը քողարկվում-թաքցվում է այլոց կողմից՝ գետնի տակի հիմքից սկսած մինչև տանիքի ծածկույթը:

Միայն մշտական անկախ տեսչությունները կարող են հաստատել կատարած աշխատանքի բարեղճությունը: Բայց հիմնական մեղքը շինարարների վրա բարդելը նույնպես մեղք է, քանի որ կառավարիչներն էլ կարող են ճնշում գործադրել՝ պահանջելով քիչ շինանյութ օգտագործել կամ չկատարել որոշ աշխատանքներ. որ խնայվեն ծախսերը կամ տնտեսեն ժամանակը՝ աշխատանքի պատվերի ու պայմանագրի համար կաշառք տալուց հետո: Իսկ հաշիվ-ապրանքագրով նշված գումարները փոխհատուցվում են շինարարության ընթացքում որակի նվազեցմամբ ու ծախսերի կրճատմամբ: Փորձագետներն արձանագրում են, որ հզոր փոխադարձ կապ կա երկրներում կոռուպցիայի տարածվածության ու չափերի և քաղաքական գործիչների սեփականություն հանդիսացող կամ պարզապես՝ նրանց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների քանակի միջև: Օգնել հանրությանը՝ ավելի լավ հասկանալ, օրինակ, ինչպես կարող է բնակելի շինարարությունը նպաստել խոցելիության առաջացմանը, և ինչքան կարևոր ու անհրաժեշտ է ռիսկի նվազեցումը, կարող են միայն իրազեկված ու անկախ ԶԼՄ-ները, որոնք օրինակի համար կարող են բացահայտել կոռումպացված պաշտոնյաներին, եթե ԶԼՄ-ներին չխանգարեն սեփականատերերն ու կառավարման մարմինները:

Ընդհանուր առմամբ թափանցիկ կառավարում և մասնավորապես՝ տեղական ինքնակառավարում է անհրաժեշտ, առանց որի բնակչությունը դժվար թե իրազեկ լինի այն ռազմավարական որոշում-լուծումների մասին, որոնցից կարող է տուժել: ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության /UNISDR/ աղետակայուն համայնքներ ձևավորելու առաքելությունը կարող է ձախողվել զուգահեռաբար ընդունված գաղտնի ու կոռուպցիոն որոշում-լուծումներով, օրինակ, հողօգտագործման, անտառների և ջրային ռեսուրսների կառավարման ու ընդհանուր շինարարության կազմակերպման ոլորտներում, որի արդյունքում տեղական համայնքների խոցելիությունը բոլոր վտանգներից մեծանում է. Նրանք չգիտեն՝ ինչ կարող է տեղի ունենալ, բնականաբար, կանխել էլ չեն կարող: Կոռուպցիոն գործարքների բացասական ու ավերիչ ներուժը պետք է ճանաչվի խոցելիության և ռիսկերի նվազեցման բաղկացուցիչներից մեկը, իսկ կոռուպցիոն գործունեության վերացման հնարավորությունները պետք է դիտարկվեն որպես կառավարման մարմինների պարտավորության անքակտելի բաղադրիչ՝ ներդնել աղետների դեմ պայքարի միջոցներ ու քաղաքականություն: Աղետների դեմ պայքարի մասին գիտությունն ու դրա կիրառումը պիտի ներառեն նաև կոռուպցիայի, դրա պատճառների ու նպաստող պայմանների, աղբյուրների ու ձև-միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը, նաև գիտակցումը, որ դրանք կարող են զրոյին հավասարեցնել մարդասիրական բոլոր նպատակները:

Գեներալ Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր