«Տգեղ է այն կինը, ով չի ժպտում»
Advertisement 1000 x 90

«Տգեղ է այն կինը, ով չի ժպտում»

Վստահեցնում է դիմահարդար Ագան

Ժամանակի ոգին զգացող և իր արտաքինին հետևող աղջիկների ու կանանց մեծ մասը հիմնականում ճանաչում է դիմահարդար և ոճաբան Ագային: Բացի արտաքին տեսքը փոփոխելուց, կենսուրախ դիմահարդարն ուրվագծում է կենսական հույզերի մի աշխարհ, ուր տեղափոխում է տարբեր տարիքի և մասնագիտության տեր կանանց: Որպես կանոն՝ նրա փոքրիկ տաղավարը միշտ մարդաշատ է: Ագային նույնիսկ երեկոյան ժամերին հոգնած կամ դժկամ դեմքով չես տեսնի: «Օրվա մեջ 30-րդ հաճախորդին ընդունելիս էլ ինձ թվում է, թե նա այդ օրվա իմ առաջին այցելուն է»,- ժպիտով ասում է նա: Իր անսպառ էներգիայով Ագան ձգում է հաճախորդներին: Նա սիրով և մանրակրկիտ ճշգրտությամբ սպասարկում է ցանկացած հաճախորդի, անկախ նրանից` վերջինս օլիգարխի կի՞ն է, ճանաչված երգչուհի՞, հաղորդավարուհի՞, թե՞ սովորական ուսանող: Իսկ ճանաչված կանայք շատ են, որոնք Ագայի երևակայության և հմուտ հարդարվեստի շնորհիվ ապահովում են իրենց անթերի արտաքինը: Հաղորդավարներ Արևիկ Ուդումյան (նախկինում՝ «Դար 21»), Աննա Թերջանյան («Արմենիա» ՀԸ), կոմպոզիտոր Մարինե Գյուլումյան, երգչուհիներ Քրիստինե Պեպելյան, Արմինկա, Սյուզի, Անի-Քրիստի (վերջերս կայացած շնորհանդեսին և 2 մենահամերգներին Անին ներկայացել է Ագայի դիմահարդարմամբ) և այլք հաճախում են հենց Ագայի մոտ: Դիմահարդարումն Ագան կատարում է վարագույրից այն կողմ:

«Չեմ սիրում, երբ ինձ շեղում ու խանգարում են: Ես պետք է կենտրոնանամ դեմքի վրա, որպեսզի այն ընկալեմ և ճիշտ արտահայտեմ: Դեմքն ինձ համար մաքուր կտավի է նման: Ավելի հեշտ է աշխատել այն դեմքի վրա, որն օժտված չէ տիպային առանձնահատկությամբ: Սլավոնական դեմքերը, որ նման են մաքուր պաստառի, հնարավոր է ցանկացած ձևի կերպարանափոխել: Իսկ հայուհիների շեշտված աչքերով ու հոնքերով դեմքերն արդեն որոշակի սահմաններ են նախանշում»,- նկատում է դիմահարդարը: Հետո փորձում է հայուհիների դիմային առանձնահատկությունները մասնավորեցնել: «Օրինակ, Գոհար Հարությունյանը շատ գեղեցիկ է, բայց, միևնույն ժամանակ, նրա դեմքը շատ կամակոր է, և եթե նուրբ և ճիշտ դիմահարդարում չանես, կարող ես կորցնել այդ գեղեցկությունը: Այդ իսկ պատճառով գեղեցկուհին օրերս տեղի ունեցած իր հարսանեկան դիմահարդարումը վստահել էր ինձ: Արևիկ Ուդումյանի դիմագծերը համաչափ են ու հարմար ամենատարբեր ոճային դիմահարդարման հարմար»,- կարծում է Ագան: Իր ոճը գերիշխո՞ւմ է կանանց շրջանում, թե՞ ոչ, Ագան դժվարանում է պատասխանել:

«Ես իմ որակը ձգտում եմ կատարելագործել, ինչն անմիջապես նկատում են հաճախորդները: Այս բնագավառում կարող ես լինել պրոֆեսիոնալ, սակայն ոճդ քչերը կհավանեն»: Նրա ոճի այցեքարտն առաջին հերթին վեր խոյացող հոնքերն են կամ, ինչպես ինքն է սիրում ասել` «խոսուն» հոնքերը, որ հետաքրքիր նախապատմություն ունեն: 16 տարեկանում, երբ Ագան հաճախել է «Ատեքս» նորաձևության կենտրոն, հաճախ է իր երկար մազերը ձիգ հավաքել ու նկատել է, որ տարբեր կողմերից հաճոյախոսություններ են շռայլում: Ագան բացահայտել է, որ հաճոյախոսությունների պատճառն իր հոնքերն են, որոնք ձիգ հավաքված մազերի պատճառով խոյանում են վերև, ու հայացքը դրանից առավել շեշտվում է: Իհարկե, դիմահարդարը ոչ բոլոր աղջիկներին է նման հոնքեր խոստանում: Այս հարցում էլ նա գրագետ մոտեցում ունի. հակված չէ, ասենք, բարդույթներով աղջկան դարձնել ագրեսիվ, այլ նախընտրում է մշակել յուրաքանչյուր դեմքին բնորոշ հոնքեր: «Ի ծնե սանգվինիկ եմ, ճիշտ է, լինում են պահեր, երբ տխրում եմ, սակայն խնդիրները համարում եմ մեծ ճանապարհին հայտնված փոքր քարեր: Դա բնական երևույթ է, ուղղակի պետք է կարողանալ մագլցել ու անցնել դրանց վրայով: Խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե սուզվել դրանց մեջ: Չեմ ուզում իմ կյանքը, որ տվել է Աստված, պրոբլեմներով լիացնել»,- ասում է դիմահարդարը: Ագան ունի կանացի գեղեցկության իր ընկալումը: «Տգեղ կանայք նրանք են, որ երբեք չեն ժպտում, միշտ տխուր են ու մռայլ, և ընդհանուր մթնոլորտը տգեղացնում են: Եթե կինը ժպտում է, արդեն գեղեցիկ է»,- համոզված է Ագան: Փորձեցինք ոճաբան-դիմահարդարից մեր ընթերցողների համար դիմահարդարման մի քանի կանոններ ճշտել: Թմբլիկ դեմքով կանանց նա խորհուրդ տվեց հրաժարվել ճակատի վրայի մազափնջից (որից հայ ազգը տառապում է) և մուգ գույնի կարմրափոշիով ընդգծել այտոսկրերը: Իսկ նիհար աղջիկները, ցանկալի է, օգտագործեն վարդագույն և ծիրանագույն կարմրափոշի և փայլեր, ինչը գիրացնող էֆեկտ ունի: Հագուստ ընտրելու հարցում մոդելավորողը հակված չէ ստանդարտ խորհուրդներ տալ, որովհետև կարծում է, որ յուրաքանչյուր կին իր մոդելավորողն է, քանի որ իր բնույթն ավելի լավ է զգում: Պարզապես ցանկալի իմիջը պետք է պրոֆեսիոնալ մատուցել: Մոդելավորող Ագան այն կարծիքին է, որ հայ աղջիկները հագնվում են այնպես, ինչպես թելադրում է «Fashion»-ը: «Կարող է ինչ-որ տեղ սխալ հագնվեն, տվյալ հագուստն իրենց չսազի, սակայն ակնհայտ է, որ հայ աղջիկները հետևում են նորաձևությանը, ինչը չեմ կարող ասել հայ տղաների համար: Աղջիկների մոտ աքսելերացիա է, իսկ տղաների մոտ` դեգրադացիա:

Այսօր դժվար է այնպիսի աղջիկ գտնել, որ չօգտվի գեղեցկության սրահներից. պարզապես հաճախականությունն է տարբեր, օգտվում են իրենց ֆինանսական կարողությանը համապատասխան»,- նկատում է մոդելավորողը: Ագան իբրև նկարիչ-մոդելավորող, արդեն 10 տարի է` մասնակցում է տարբեր ցուցադրումների, սակայն նրա համար ամենատպավորիչը եղել են 2 տարի առաջ «Գրեյթ Վելլի» ընկերության կազմակերպած միջոցառմանը հրավիրված «Fashion-TV»-ի շիկ մոդելները, որոնց հետ աշխատելու 3 օրվա ընթացքում գերագույն հաճույք է ստացել մոդելների շուքից: «Ի տարբերություն հայ մոդելների, նրանք ցելյուլիտ չունեին: Մեր նիհար մոդելները կարծում են, թե դա բավարար է բեմի համար: Իսկ նրանք շատ պատրաստված էին ու միշտ ուրախ. ցինիկ, գռեհիկ պահվածք չունեին: Նրանց հետ անցկացրած 3 օրը համարժեք էր 3 ամսվա»,- պատմում է Ագան: Պարզվում է` պրոֆեսիոնալ մոդելների հետ աշխատելն ավելի դյուրին է, քան ամենօրյա հաճախորդների, քանի որ վերջիններս պահանջում են անհատական մոտեցում: Իսկ օլիգարխների կանանց Ագան բաժանեց 2 մասի` նոր հարստացածներ, որոնք խուսափում են աչքի զարնող հագուստից և դիմահարդարումից, և հարստության մեջ եփված ունևորներ, որոնք ավելի համարձակ են ու զգում են նորաձևության նրբությունը: Ըստ Ագայի` դիմահարդարում ու «մակիաժ» անելը տարբեր երևույթներ են. «Մարդիկ կան, որ կարծում են, թե ստվեր քսելն արդեն իսկ դիմահարդարում է. դիմահարդարումը հոգեբանական խորը պրոցես է: Պետք է զգալ մարդուն, որ նրա ներքին աշխարհը ճիշտ արտահայտես դեմքին»,- ասում է Ագան: Նա իր արվեստը կատարելագործում է` հետևելով արտասահմանյան աստղերի տեսքին: Շատ բան սովորում է նաև ինտերնետից, սակայն ամենակարևորն ամենօրյա գործունեությունն է: «Ատեքսում» իմ ուսուցիչ Անդրեյ Միլմանն ասում էր` եթե դու քո երեկ կատարած աշխատանքն այսօր հավանում ես, ուրեմն` չես աճել: Հիմա երբ նայում եմ իմ անցած տարվա աշխատանքներին, զարմանում եմ, թե մարդիկ ինչն էին հավանում: Ու նոր եմ ըմբռնում, թե Միլմանն ինչը նկատի ուներ»,- խոստովանում է մեր զրուցակիցը: Հետաքրքիր է, որ նա իր դիպլոմային աշխատանքը պաշտպանել է եգիպտական հագուստի հավաքածուով, որն արդեն վաճառել է: «Դեռ այն ժամանակ Կլեոպատրան «make up» էր անում: Քանի որ նրա մեջ անչափ մեծ էր կանացիությունը, դրա համար նրա կերպարը, աքսեսուարները, մանրանկարչությունն ինձ շատ հոգեհարազատ են: Ամենահասարակ զգեստը գեղեցիկ շտրիխով կարող է ոճական փոփոխություն կրել: Դրա համար մանրուքներն ավելի կարևոր են, քան բուն հագուստը: Հագուստի թանկարժեքությունը տեխնոլոգիայի և նյութի մեջ է, քանի որ նույն զգեստը կարող է կարել «Շանել» ֆիրման` 4000 եվրո արժողությամբ, և Վարդուշ տոտան` մի քանի հազար դրամով»,- ասում է Ագան: Իսկ իր ծառայության թանկությունն Ագան բացատրում է օգտագործված կոսմետիկայի և դիմահարդարման որակով: «Ես սիրում եմ «make up»-ի մաքրությունը: Երբ առաջին անգամ Քրիստինե Պեպելյանին «մակիաժ» արեցի, նա ինձ ասաց, որ իրեն գրավել է իմ աշխատանքի տեխնիկայի մաքրությունը»,- ասում է Ագան, ում համար շատ պատասխանատու գործ է համարվում նաև հարսանեկան «մակիաժը»: «Ամբողջ կյանքի ընթացքում բոլոր աղջիկներն իրենց պատկերացնում են միայն մի հագուստով` հարսանեկան զգեստով ու համապատասխան իմիջով: Մեկն ուզում է նմանվել բարբիի, մյուսը` փիսիկի»,- հավելում է դիմահարդար և մոդելավորող Ագան:

Նաիրա Մարտիրոսյան

«3 Միլիոն»



Նման նյութեր