Աստծո կերպը ինձ համար հայրիկիս էության պատկերով է սրբագործված… Ինձ համար ամեն լավը քեզնից է սկսվում, սիրելի՛ հայրիկ… Քեզ պատկանած ամեն մի իր մասունքի խորհուրդ ունի իմ մեջ։
Ես անսահման երախտապարտ եմ իմ զգացմունքների նվիրվածությանը, այն մեծ սիրուն, որ տածում եմ քո հիշատակին ու քո անվանը… Ինչ փույթ, թե ես բոլորովին մանուկ զրկվեցի քեզանից, ինչ փույթ, թե կարճատև եղավ քո կենդանի ներկայությունը վայելելուս հրճվանքը: Չէ՞ որ կան պահեր, որոնք հավերժության կորովն ունեն իրենց մեջ։
Կարծես այսօր, հիշում եմ դեմքդ մագաղաթե, ճակատդ բարձր ու ազնիվ, խռիվ, քմահաճ մազերով, անսահման բարի, իսկական գգվանքներ տենչացող, ես կասեի՝ շոշափելի թախիծով լի աչքերը քո։ Հարափոփոխ էին աչքերը քո, ինչպես և քո ոգին… Փոքրամարմին, թասակդ գլխիդ, ծալապատիկ նստած Մահաթմա Գանդիի պես։
Պատեհ կամ անպատեհ առիթներով, երբ խուժում էի աշխատանոցդ, պարզում էիր ձեռքերդ՝ ինձ գիրկդ առնելու: Ինձ անասելի երկար էին թվում թևերը քո, ես դեռ երեխա, զարմանում էի․ այդքան փոքր մարմին և այդքան երկար ձեռքեր: Հետո միայն հասկացա, որ թևերիդ երկարությունը ֆիզիկական երևույթ չէր, այլ հոգևոր։ Այդպես լինում են անսահման սիրող ձեռքերը միայն:
Ես դեռ չորս տարեկան, դու ինձ սովորեցիր մաշտոցյան տառերը, մինչև հիմա էլ սրբությամբ պահում եմ լուսանկարը իմ, որի վրա մակագրել եմ՝ «Իմ պապային. Արփիկից»: Ամեն անգամ այդ լուսանկարին նայելիս լցվում է սիրտս արցունքով ու հպարտությամբ. Դու իմ առաջին ուսուցիչը եղար։
Անսահման երախտագիտությամբ ու հպարտությամբ է լցվում հոգիս, երբ տեսնում եմ, որ ինձ ես նվիրել քո հանճարի թևավոր ձին, քո բազում խոհերի, բազում տվայտանքների ժամանակի անողոք բովում ճշտված մատյանը՝ մատյանը ճշմարտության՝ «Գիրք ճանապարհին», որի՝ ինձ նվիրած օրինակի վրա, ես դեռ երկու տարեկան, ձեռքս բռնած գրել ես. «Այսօր լրացավ իմ երկու տարին – Արփիկ», իսկ վարը մի բանաստեղծություն:
Ու հիմա, երբ դու չկաս, երբ հուշ է դարձել պատկերը քո, տարիների մշուշից դու կրկին ու կրկին այցի ես գալիս հոգուս, սիրելի հայրիկ, տարածելով շուրջս հովանավորող շունչը քո:
ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ
(Տես՝ «Հուշեր Եղիշե Չարենցի մասին»)
ՆԿԱՐՈՒՄ` Չարենցը դստեր` Արփենիկի հետ
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: