Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արա Քոչարյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, ում ծննդյան օրն էր այսօր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com