«Տպավորություն է՝ այստեղի տնտեսվարումն ավելի շատ ոչ թե իրավական հիմքի վրա էր, այլ բանավոր պայմանավորվածության»․ Հակոբ Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Տպավորություն է՝ այստեղի տնտեսվարումն ավելի շատ ոչ թե իրավական հիմքի վրա էր, այլ բանավոր պայմանավորվածության»․ Հակոբ Կարապետյան

«Տպավորություն է, որ այստեղի տնտեսվարումը, ավելի շատ ոչ թե իրավական հիմքի վրա էր, այլ բանավոր պայմանավորվածության, ստվերային գործարքների հիման վրա։ Այսօր ինչ տեղի է ունենում, բացառապես իրավական ամուր հիմքերի վրա է տեղի ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ արդեն 12 քաղաքացի աշխատանք է գտել։

Հարցին, թե, ի վերջո, քանի աշխատող կար այս տարածքում, իսկապե՞ս 300-400 հոգի էին նրանք, ինչպես պնդում են սեփականատերերը, Հ․ Կարապետյանը պատասխանեց, որ այդ թիվը խիստ ուռճացված է։ «Ըստ մեր տվյալների, էստեղ 2-3 տասնյակ քաղաքացի աշխատող կա։ Այլ բան է, որ գրանցված չեն և աշխատում են, ինչն անմիջապես առնչվում է քրեական օրենսգրքի հետ։ Նախկին վարձակալներն իրենց ընդվզումներն հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ էլ՝ այստեղ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ այսօր ընդվզում չի լինի, պաշտոնյան կարծիք հայտնեց, որ հանրությունը համոզվում է, որ ամեն ինչ օրինական է և բխում է մեր բոլորի շահերից։

Հաջորդ հարցին, թե քաղաքապետարանը կանաչապատման ուրիշ ինչ ծրագրեր ունի, Հ․ Կարապետյանը նշեց․ «Այս պահի դրությամբ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունն ունի կանչապատման լայնածավալ ծրագիր քաղաքի տարբեր հատվածներում։ Կոնկրետ Օղակաձև զբոսայգում գույքագրվում են, իրավական հիմքերն են ուսումնասիրվում»։

Հիշեցնենք, որ այսօր Օպերայի տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Այս պահին ապամոնտաժվում է «Ատմոսֆերա» սրճարանը։

mamul.am



Նման նյութեր