Լիոն քաղաքի Սենտ Էքզյուպերի օդանավակայանում առաջին անգամ փորձարկել են ռոբոտ, որը կարող է ավտոմոբիլն ինքնուրույն տանել բաց կայանման եւ այն բերել առաջին իսկ պահանջով: Այս մասին հայտնել է 20minutes նորությունների պորտալը: «Սա համաշխարհային պրեմիերա է: Աշխարհում այլեւս չկան ռոբոտներ, որոնք կայանումներ են սպասարկում բաց երկնքի տակ»,- հայտարարել է Stanley Robotics ընկերության համահիմնադիր Կլեման Բուսարը՝ Լիոնում ելույթ ունենալով շնորհանդեսի ժամանակ:
Ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ավտոմեքենան թողնում են երկար ժամանակով: Ցանկացողները պետք է հեռախոսով ամրագրեն տեղ, ինչից հետո, ժամանելով օդանավակայան՝ ավտոմոբիլը թողնեն տերմինալի մուտքի մերձակա մեկտեղանոց ավտոտնակում: Ավտոմեքենայի համար վճարումից հետո կգա ռոբոտացված հարթակը, որը, բարձրացնելով փոխադրամիջոցը, այն կտանի փողոցային կայանատեղ եւ կկանգնեցնի մյուս ավտոմեքենաների շարքում:
Հանդերձված լինելով շրջապատող տարածության եռաչափ սքաներներով՝ Սթեն անունով ռոբոտը կարող է փոխադրել մինչեւ 3 տոննա քաշով ավտոմեքենաներ: Ծառայության արժեքն առայժմ չեն հայտնում, բայց, նախնական տվյալներով՝ դա մոտավորապես 2 եվրոյով ավելի կլինի, քան սեփական ուժերով կայանման համար: Stanley Robotics-ում հայտնել են, որ արդեն համանման ծառայության համար պարտավորագիր են կնքել Մեծ Բրիտանիայի Գաթվիք օդանավակայանի հետ, որտեղ ռոբոտները պետք է աշխատանքի ձեռնամուխ լինեն այս ամռանը: