ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքով իր մասին տարածված տեղեկությանը։
Telegram-ում «Բաղրամյան 26» ալիքն այսօր տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ռուսաստանցի լրագրող Ռոման Բաբայանից կատակով հոնորար է պահանջել մարտի 1-ի իրադարձությունների մասին նրա հեղինակած ֆիլմում իր հարցազրույցի համար։
Այս հրապարակումը Sputnik Արմենիայի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց, որ Մոսկվայում Ռոման Բաբայանի հետ հանդիպմանը հոնորարի մասին իր հիշատակումը կատակ է եղել։
Կարապետյանն ու Բաբայանը հանդիպել են մարտի 11-ին Մոսկվայում ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և լրագրողների հետ Վլադիմիր Կարապետյանի հանդիպման շրջանակում։
«Հանդիպման ժամանակ, քանի որ ուրիշ մարդիկ էլ կային, ես կատակեցի, որ եկել եմ իմ հոնորարի հետևից, քանի որ զգուշացված չէի այդ ֆիլմում իմ նկարահանման մասին»,– իր կատակն այսպես է վերապատմում Վլադիմիր Կարապետյանը։
«Բաղրամյան 26» ալիքը ևս իր տարածած հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ Ռոման Բաբայանն իր ֆիլմի համար 100 000 դոլար հոնորար է ստացել, և հավելում. «այդ հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը Բաբայանի հետ խոսել է այդ ֆիլմի մասին, որում կար նաև իր հարցազրույցը, և կատակով նրանից հոնորար խնդրել այդ արկածախնդրությանը մասնակցելու համար»։
Մեկնաբանելով «Բաղրամյան 26»–ի տարածած տեղեկությունը` Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ցավոք, այնտեղ բաներ կան, որ չեն համապատասխանում իրականությանը»։