Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ» նախաձեռնության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում «Ռեստարտի» ևս չորս անդամի՝ Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Յուրի Ավագյանի ու Հրաչյա Խլղաթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
«Ռեստարտի» անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։