Եթե հնարավոր լինի, ապամոնտաժվող սրճարանների կոնստրուկցիաները կուղարկվեն Արցախ. Մնացականյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Եթե հնարավոր լինի, ապամոնտաժվող սրճարանների կոնստրուկցիաները կուղարկվեն Արցախ. Մնացականյան. armeniasputnik.am

Օպերայի հարակից տարածքից ապամոնտաժվող սրճարանների երկաթյա կոնստրուկցիաները կտեղափոխեն «Երևանտրանս» ՓԲԸ–ի տարածք։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Նա տեղեկացրեց, որ սրճարանների տնօրինությանը տեղյակ են պահել, որ եթե ցանկանում են, կարող են գնալ «Երևանտրանս» ու վերցնել իրենց գույքը։

«Քիչ առաջ, օրինակ, ինձ մեկը դիմել էր` ասելով, որ եթե հնարավոր է, ապա այդ երկաթյա կոնստրուկցիաներն ուղարկեք իրենց` Արցախում տուրիստական արահետների վրա կամուրջներ սարքելու նպատակով։ Այս հարցը քննարկեցինք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ և որոշեցինք, որ եթե սրճարանի տերերը չվերցնեն դրանք ու եթե հնարավոր լինի, ապա դրանք կուղարկենք Արցախ»,– ասաց Մնացականյանը։

Ինչ վերաբերում է այդ տարածքում գտնվող տույաներին, ապա դրանց մի մասն էլ, ըստ Մնացականյանի, կտրամադրեն դպրոցներին։

Ի դեպ, Օպերայի հարակից սրճարաններից մեկի տարածքում մի փոքր շատրվան կա, որը, ըստ Կենտրոն համայնքի ղեկավարի, դեռ չեն քանդի։ «Սրճարանի տիրոջ հետ խոսել ենք, որ եթե անհրաժեշտ բաներ կան, կարող են գալ, վերցնել, սակայն մեզ ասել են, որ շատրվանը կարող է մնալ։ Հնարավոր է` շատրվանը մնա, սակայն մեր դիզայներներն էլ պետք է կարծիք հայտնեն»,–ասաց Մնացականյանը։

Նա ավելացրեց նաև, որ հանգստյան օրերին նույնպես կշարունակվեն ապամոնտաժման աշխատանքները։

Հիշեցնենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցները մարտի 14–ին բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ էր, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտան և պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

armeniasputnik.am