Ոստիկանության զորքերի ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել նախաքննություն:
Նշվում է, որ 2018թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 21:55-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Քրեական գործով Ոստիկանության զորքերի ծառայողը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել, որ 02.09.2018թ., ըստ գրաֆիկի՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն իրականացնելիս, ժամը 20:30-ի սահմաններում, հակառակորդի զինծառայողը ներթափանցել է առաջնագծի խրամատ, և վերջինիս հետ փոխհրաձգության ժամանակ զգացել է, որ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:
Մարտական հերթապահության ժամանակ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ոստիկանության պետի հրամանի համաձայն, ոստիկանության պետի կողմից ծառայողը պարգևատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:
Այնուհետև, հանցագործության դեպքի մասին գիտակցաբար տրամադրելով կեղծ տեղեկատվություն՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ինչից հետո մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով իրեն կցված դիպուկահար հրացանից 12 կրակոց է արձակել հակառակորդի ուղղությամբ՝ վատնելով իրեն տրամադրված ռազմամթերք հանդիսացող թվով 12 փամփուշտ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: