Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանը մոտ օրերս հրաժարական է ներկայացնելու և վերադառնալու է Մոսկվա, որտեղ բնակվում էր նախքան հեղափոխությունը։
Երեկ Գասպայանն իր Facebook-յան էջում գրել է, թե որքան է կարոտել Մոսկվան, որտեղ ապրել է վերջին քսան տարիներին։
«Շուրջ մեկ տարի ես ապրեցի Երևանում, դա հետաքրքիր տարի էր, բայց ինձ ուժեղ ձգում են Ռուսաստանն ու Մոսկվան, որտեղ ես ապրել եմ գրեթե ողջ գիտակից կյանքս՝ 21 տարի։ Այնտեղ իմ ընկերներն են, հետաքրքրություններն ու կյանքը, որոնց ես աննկարագրելի կարոտել եմ։ Պարզվեց, որքան էլ բողոքենք կլիմայից և խցանումներից, երբ այնտեղ չես, միևնույնն է, առանց դրանց չես կարողանում»,- գրել էր Գասպարյանը:
Ուշագրավ է, որ շուրջ մեկ օր անց վերջինս իր էջից հեռացրել է գրառումը։ Բայց սա Արտակ Գասպարյանի հեռացրած միակ գրառումը չէ։ Նա իր էջից հեռացրել է նաև մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանի հետ արված այն լուսանկարը, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին է վերադարձրել արժանապատվության զգացումը։ Գասպարյանն ընդգծել էր, որ բոլորը պետք է համախմբվեն Նիկոլ Փաշինյանի շուրջ, մինչդեռ վերջինիս պաշտոնավարման մեկ տարին չլրացած՝ Արտակ Գասպարյանն իր էջից հեռացրել է Փաշինյանի հետ լուսանկարն ու պատրաստվում է վերադառնալ Մոսկվա։
aysor.am