Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն ամրագրող նախագիծը ներառվել է կառավարության նիստի օրակարգում
Advertisement 1000 x 90

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն ամրագրող նախագիծը ներառվել է կառավարության նիստի օրակարգում

Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում, է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասված է հիմնավորման մեջ:

Նշվում  է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:



Նման նյութեր