«Որպեսզի Աստղիկ Գևորգյանի և քննիչի ծիծաղը շարունակելի լինի, հրապարակում եմ այս փաստաթուղթը». Սաթիկ Սեյրանյան. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որպեսզի Աստղիկ Գևորգյանի և քննիչի ծիծաղը շարունակելի լինի, հրապարակում եմ այս փաստաթուղթը». Սաթիկ Սեյրանյան. aravot.am

Ինչպես գրում է aravot.am-ը, «Ժուռնալիստների միության» նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց, որ միության նախորդ ղեկավարության օրոք միությանը պատկանող տարածքները վարձակալությամբ են տրվել խայտառակ՝ էժան գներով, վարձակալներն էլ դրանք ենթավարձակալության են հանձնել այլ կազմակերպությունների՝ բավականին բարձր գներով: Սաթիկ Սեյրանյանը նաև մատնանշել էր, թե շենքային ինչպիսի վատ ու անմխիթար պայմաններ են ժառանգություն մնացել ԺՄ-ի նախորդ ղեկավարի պաշտոնավարման հետևանքով: «Ժուռնալիստների միության» նախկին նախագահ, մինչև 2017թ.-ը պաշտոնավարած Աստղիկ Գևորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ԺՄ-ի ներկայիս նախագահի հայտարարությունները, հսկատեցրել, որ վարձակալության պայմանագրերից մեկում կեղծ ստորագրություններ չկան, նաև հայտնել էր, որ «168 ժամ»-ը մեծ պարտք ունի ԺՄ-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Սաթիկ Սեյրանյանը լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել՝ տրամադրելով վարձակալության պայմանագրերից մեկը, որում ԺՄ վարչության նախկին անդամների ստորագրություններն են(տես փաստաթղթի լուսանկարը):

«Շնորհակալ եմ, որ նաև Աստղիկ Գևորգյանի տեսակետն եք ներկայացրել իմ փաստերի կապակցությամբ: Հուսամ՝ նախաքննական մարմինն Աստղիկ Գևորգյանի խոսքերը կընդունի որպես ցուցմունք»,-նախ նշեց Սաթիկ Սեյրանյանը, ապա, դառնալով փաստաթղթին՝ շեշտեց. «Որպեսզի Աստղիկ Գևորգյանի և քննիչի ծիծաղը շարունակելի դառնա, հրապարակում եմ այդ փաստաթուղթը: Թող տեսնեն՝ դրանք անուն ազգանուննե՞ր են, թե կեղծված ստորագրություններ: Դա նոտարական փաստաթուղթ է: Խոսքը Ֆ. Ափունջյանի և Գ. Ջանիկյանի ստորագրությունների մասին է: Խոսել եմ նրանց հետ: Այդ ստորագրությունները նրանցը չեն, դրանք կեղծված են: Նրանք անգամ տեղյակ չեն եղել նման գործարքի մասին»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը: Հիշեցնենք՝ Աստղիկ Գևորգյանն ի պատասխան մեղադրանքի, թե իր օրոք կեղծված ստորագրություններով փաստաթղթի միջոցով վարձակալության պայմանագիր է կնքվել, պատասխանել էր, որ ինքը գրել է վարչության անդամների անուն ազգանունները միայն և դրել իր կնիքը (և քննիչը ծիծաղել է՝ լսելով այդ պարզաբանումը): Իսկ Սաթիկ Սեյրանյանի պնդմամբ՝ փաստաթղթում ոչ միայն չկան ձեռագիր անուն-ազգանուններ, այլև վարչության երկու անդամներից երկուսի ստորագրությունները կեղծված են:

Ինչ վերաբերում է Աստղիկ Գևորգյանի հավաստիացումներին, որ իր օրոք ԺՄ-ի գույքից ոչինչ չի պակասել, իսկ կազմակերպություններին տարածքները վարձակալությամբ տրվել են հավասար պայմաններով, Սաթիկ Սեյրանյանը հակադարձեց. «Հրավիրում եմ բոլոր լրագրողներին և շահագրգիռ կողմերին ԺՄ-ի շենք՝ շրջայցի: Ցույց կտամ, թե ինչպիսի աղետալի վիճակում է եղել և կա միությունը: Դրա ականատեսն են նաև այն լրագրողական կազմակերպությունները, որոնք վարձակալների թվում են: Ունեմ փաստեր, թե ԺՄ-ի նախորդ ղեկավարից ինչպիսի պարտքեր են մնացել ներկայիս ղեկավարությանը, ցույց կտամ նաև ռումինական վնասված կահույքը և «դիտարժան» համակարգիչը, շենքային պայմանները: Օրինակ՝ 40 տարի ղեկավարած անձը մեզ թողել է մինչև 2112թ.-ը կնքված վարձակալության նվաստացուցիչ պայմանագիր, ինչը դեմ է միության շահերին: Լավ կլիներ՝ Աստղիկ Գևորգյանը ներկայացներ, թե ընդհանրապես ի՞նչ է արել մամուլի համար իր պաշտոնավարման 40 տարում»:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր