«Մեր կազմակերպությանն են դիմել ցմահ ազատազրկված մի քաղաքացու կողմից սպանվածների մերձավոր ազգականները։ Ես հերթական անգամ սեփական աչքերով տեսա, թե ինչ է «կրկնակի զոհացումը» (double victimization): Մարդիկ պահանջում են հարգել և կենսագործել իրենց հարազատներին սպանելու համար դատապարտված անձանց հնարավոր ազատ արձակման գործընթացների վերաբերյալ տեղեկացված լինելու և այդ գործընթացներում լսված լինելու իրենց, իմ համոզմամբ, բնական իրավունքները։
Այս հարցերը պետք է պատշաճորեն քննարկվեն և այս մարդկանց իրավաչափ շահերը պետք է համաչափորեն հաշվի առնվեն՝ այլ իրավաչափ շահերի հետ մեկտեղ։
Դիմում եմ ԱԺ պատգամավորներին և հատկապես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին՝ որևէ ձևաչափով այս համակարգային հարցի քննարկում կազմակերպելու առաջարկությամբ։
ՀԳ. Մեր հասարակական կազմակերպության հիմնադիր հայտարարությունից հետո ցանցում նկատեցի մեր մասին որոշ ուղղորդված ստեր ու հեքիաթներ։ Դրանք հորինողներին հորդորում եմ «հանգիստ նստել տեղները»»։