«Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգևատրե՞ն». ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը՝ քաղաքապետին. news.am
Advertisement 1000 x 90

«Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգևատրե՞ն». ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը՝ քաղաքապետին. news.am

Իմ որդին ապրիլյանի մասնակից է և իմ խնդրածը հանրակացարանի մի սենյակ է, ինչո՞ւ հարցը չեն դնում Երևանի ավագանու նիստի: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը:

Նա նշեց, որ արդեն մեկ տարի այդ հարցը ձգձում են, որ ժամանակին իրենից սենյակ հատկացնելու համար փող են պահանջել, ինքն էլ չի տվել և բողոքել է:

Կինը դիմեց քաղաքապետին. «Հանձնարարեք, թող իմ երեխու հարցը դնեն ավագանու նիստի: Եթե ինձնից գումար են ուզում, ես վերահսկողություն եմ դիմել, պետք է իմ երեխու գործը չանե՞ն: Էդ մարդը, որ ուզել է, հիմա ինքն է դիմել, որ էդ սենյակն իրեն հատկացնեն: Ես ձայնագրություններ ունեմ, որ դրա համար են իմ դեմ թարսվել:

Հիմա բալիկի ենք սպասում, տեղ չունենք օրորոց դնելու: Իմ երեխային հանրակացարանում սենյակ տրամադրելն ինչ կապ ունի իմ բողոքի հետ»,-ասա նա՝ տեղեկացնելով, որ քննչականում իր բողոքի հետ կապված գործը կարճվել է:

Հայկ Մարությանն ի պատասխան նախ հիշեցրեց, որ ինքն ընդունել և լսել է կնոջը, ապա հավելեց, որ պետք է հարցը մտնի Ավագանու նիստի, իսկ դա կարող է անել ավագանու անդամը. «Քաղաքապետն ամենազոր չի: Նաև ավագանու անդամը կարող է հարցը դնել ավագանու նիստի»:

Քառօրյայի մասնակցի մայրը շնորհակալություն հայտեց, որ քաղաքապետն իրեն ընդունել և լսել է, ապա շարունակեց. «Ես շնորհակալ եմ քաղաքապետի ընդունելությունից, բայց խնդրում եմ իմ երեխու գործը դնել ավագանու նիստի: Խնդրածս հանրակացարանի սենյակ է, ես բնակարան չեմ ուզում: Թաղապետը միջնորդագիր է ուղարկել, որ իմ երեխուն հատկացնեն սենյակը: Այստեղ ի՞նչն է խնդիրը:  Մեկ տարի է դիմել եմ, թող մերժեն, ոչ թե ասեն՝ սպասեք, դառնա համայնքինը, կտրադրենք: Դժվա՞ր է մի սենյակ տրամադրել ապրիլյան պատերազմի մասնակից իմ որդուն: Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգևատրե՞ն»:

Նա նաև հավելեց, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի օգնականն իրեն ասել է, որ քաղաքապետը պետք է դնի օրակարգում: Մինչդեռ Հայկ Մարությանը պնդում է, որ սխալ են ասել: Քաղաքապետն առաջարկեց չորեքշաբթի ավագանու նիստին գալ և ևս մեկ անգամ ներկայացնել հարցը ավագանու անդամներին:

Այդ պահին նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ու ասաց. «Եկեք էսօր դրա մասին չխոսենք»:

Նշենք, որ «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է, որ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»:

news.am



Նման նյութեր