Սմարթֆոնի էկրանը համակարգչի աշխատանքային սեղանին տեղափոխելու հնարավորությունը հասանելի էր Windows 10-ի նախորդ տարբերակում: Հիմա սպասվում է, որ Android հավելվածները հնարավոր կլինի օգտագործել անմիջապես համակարգչի էկրանին:
Դրա համար պետք է ունենալ Android սմարթֆոն և Your Phone հավելվածը՝ Microsoft-ից:
Android հավելվածները գործարկելու համար սմարթֆոնին դիպչել պետք չի լինի: Your Phone հավելվածում կլինեն բոլոր այն հավելվածները, որոնք կան սմարթֆոնում: Հավելվածները գործարկելիս դրանք կմիանան սմարթֆոնի վրա, բայց պատկերն արտացոլված կլինի համակարգչի էկրանին:
Այս գործառույթը հասանելի է միայն Insider Preview-ի օգտատերերի համար, ովքեր թեստավորում են Windows-ի թարմացումները:
Նոր գործառույթը հասանելի է միայն Bluetooth-ի Low Enegry ռեժիմով աշխատող համակարգիչների, ինչպես նաև՝ Galaxy S8 և S9 սմարթֆոնների համար: Առաջիկայում Microsoft-ը խոստանում է, որ գործառույթը հասանելի կլինի բոլորին:
Առհասարակ, բջջային հավելվածները համակարգչի համար հասանելի դարձնելու գործառույթ մշակվում է նաև iOS-ի համար: Apple-ն արդեն հայտնել է այս նախագծի մասին, որը ստացել է Marzipan կոդավորված անունը:
Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Apple-ը թույլ կտա ծրագրավորողներին ստեղծել միասնական ծրագրեր, որոնք կաշխատեն iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար: MacOS 10.14 Mojave-ում արդեն կա նման հնարավորություն: Այս գադջետում iOS-ից աշխատում են Տուն, Լուրեր, Ձայնագրիչ հավելվածները:
Համախմբումը տեղի կունենա փուլերով: Հաղորդվում է, որ այս տարի ծրագրավորողները կկարողանան իրենց iPad հավելվածները փոխանցել Macs-ին` նոր SDK-ի շնորհիվ, ապա նույնը կազդի նաև iPhone-ի վրա (2020 թ.): Համաձայն լուրերի՝ SDK-ն կներկայացվի այս տարի WWDC-ում:
Սիրարփի Աղաբաբյան