Անցած հանգստյան օրերին Ագարակի սահմանային անցակետում ծառայության ընթացքում Հայաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցներին և անձանց ստուգելիս Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները կանխել են երկրի տարածք թմրանյութերի անօրինական անցկացման երկու փորձ:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից:
Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութեր տրանսպորտային միջոցի սրահում, երկրորդ դեպքում՝ տաբատի վրա հատուկ կարված գրպանում:
Երկու դեպքում էլ թմրանյութերը Հայաստանի տարածք փորձել են անցկացնել Իրանի քաղաքացիներ, որոնք ցանկանում էին իրենց արձակուրդներն անցկացնել Հայաստանում՝ կապված Նովրուզի հետ: Ձեռք բերված բոլոր նյութերը ուղարկվել են փորձաքննության:
Ներկայում Հայաստանի համապատասխան մարմինները անցկացնում են համալիր միջոցառումներ դեպքերի մանրամասները պարզելու համար՝ պատասխանատվության կանչելու մեղավորներին: