ԵՊՀ ռեկտորի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. fip.am
Advertisement 1000 x 90

ԵՊՀ ռեկտորի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. fip.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակ»-ը հաղորդագրություն է տարածել՝ «ԵՊՀ ռեկտորի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» թեմայով.

«Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե Հայաստանում տեղ չունեն այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ և ուսանողների վրա դռներ փակել, պնդել է, որ իրենք «ո՛չ դուռ են փակել, ո՛չ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»։

Փաստերը, սակայն, ցույց են տալիս, որ Սիմոնյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

ԵՊՀ-ի կուսակցականացումը

Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին Երևանի պետական համալսարանում ընթացել է աստիճանական կուսակցականացում։ Օրինակ՝ Սիմոնյանը, որը 2006 թվականից ԵՊՀ ռեկտորն է, ՀՀԿ անդամ է հանդիսանում 1998 թվականից, իսկ ռեկտոր նշանակվելու տարվանից նաև ՀՀԿ խորհրդի անդամ է։

Իսկ երբ 2014 թվականի նոյեմբերին համալսարանի իրավական կարգավիճակը ՊՈԱԿ-ից փոխվեց հիմնադրամի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ շատ անդամներ կային նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում՝ Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը, Արտակ Դավթյանը, Արսեն Քարամյանը և Հովհաննես Հովսեփյանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սմբատ Լպուտյանը, որը թեև ՀՀԿ անդամ չէր, բայց Երևանի ավագանում ներկայացված էր ՀՀԿ խմբակցությունում։

ՀՀԿ անդամ է նաև 2012-ից եՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը։ Նա ՀՀԿ անդամ է 2010-ից, իսկ 2014-ից արդեն ՀՀԿ խորհրդի անդամ է։ Նրա ղեկավարած կառույցի միջոցով է վերահսկվում ԵՊՀ ուսխորհուրդը։

Վարագյանից առաջ՝ 2006-2012թթ., այդ կառույցի ղեկավար էր Միհրան Հակոբյանը, որը ՀՀԿ անդամ էր 2011 թվականից։ Նա ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին։ Հակոբյանը, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս է եկել 2019թ. հունվարին և համահիմնադրել «Քառյակ Մեդիան»։

Հակոբյանը 2004-2006թթ. զբաղեցրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահի պաշտոնը։ Դեռ 2011թ. մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Միհրան Հակոբյանը ՀՀԿ ադամ է 2006թ.-ից և «համալսարանում զբաղվում է բացահայտ քաղաքական-կուսակցական գործունեությամբ»։

2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական, ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանը դասադուլ հայտարարած ուսանողների դեմ «զորք» էր հանել։ Մելքոնյանը համարվում էր Սիմոնյանի «ոչ պաշտոնական հրահանգներ իրականացնողը»։

Ուսանողների վրա դռների փակումը

Սիմոնյանի երկրորդ պնդումը թե իրենք ուսանողների վրա դռներ չեն փակել, նույնքան անհիմն է։ Տարբեր քաղաքական պահանջներով ցույցերի ժամանակ ԵՊՀ ուսանողների ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է։

Այսպես, օրինակ, 2013 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող շրջանում բողոքող ուսանողների համար ԵՊՀ դռները փակ էին։ Մայր բուհի դռները փակվել էին նաև 2017 թվականին՝ տարկետման պահպանման համար ցույցերի ժամանակ։ Եվ վերջապես, 2018թ. ապրիլյան ցույցերի ժամանակ ԵՊՀ և այլ բուհերի դռները փակ էին պահվում ղեկավար կազմի կողմից:

fip.am



Նման նյութեր