Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։
«Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ ։
Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Առանձնազրույցների արդյունքներով քննարկում է տեղի ունեցել ՔԿՀ վարչակազմի հետ։
Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: