Իրականում Բերդավանի մարտական դիրքերի մերձակայքում դեռ հոկտեմբերից, երբ ադրբեջանական կողմում զինվորներին փոխարինեցին սահմանապահ ուժերը, նրանք բավականին սկսեցին բավականին շատ աշխատանք կատարել դիրքերի ամրացման, ընդլայնման, ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, նոր ճանապարհներ են անցկացնում և այլն, հնարավոր է նաև, որ դրա հետ է կապված նրանց ակտիվացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Այսինքն` սա դեռ հոկտեմբերից շարունակվող աշխատանքի մի մասն է եղել, որին հայկական կողմը արձագանքել է, երբ շատ են ոգևորվել»,- ասաց նա:
Դիտարկմանը` հոկտեմբերից այս կողմ ակտիվություն չէր եղել, կարծես, մինչև հայտնի դարձավ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրը, նա պատասխանեց, թե ակտիվություն չի եղել կրակելու առումով: «Երբ հայտարարվեց, որ հրադադար է, կրակոցներ չեն եղել, ինչ-որ վերելակային պայմանավորվածություններից և այլնից խոսվեց: Ադրբեջանցիները այդ համեմատաբար հանգիստ փուլն ակտիվ ձևով օգտագործեցին իրենց դիրքերն ամրապնդելու, բարեկարգելու, ամրացնելու համար: Այսինքն` այդ հարաբերական անդորրը նաև հնարավորություն տվեց ադբեջանցիներին ուժեղացնելու իրենց դիրքերը: Պատերազմը ոչ միայն կրակոցներն են, պատերազմը նաև այդ ինժեներաշինարարական բոլոր աշխատանքներն են, որն այդ անդորրի պայմաններում ադրբեջանցիները իրականացրել են»,- նշեց Վրթանեսյանը:
Հարցին` քի՞չ հավանական է համարում, որ երեկվա միջադեպը կապված լինի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման հետ, նա պատասխանեց. «Ես չեմ ասում՝ հավանական է կամ հավանական չէ, ես ասում եմ, որ դա կարող է այդ աշխատանքների մի մասը լինել, ուղղակի մի քիչ շատ են ոգևորվել ու հայկական կողմից պատասխան են ստացել»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։
Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, տուժողներ չեն եղել:
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր զոհի մասին: