Նաիրա Զոհրաբյանի «մեղադրանքը» իշխանության բոլոր կառույցներին անհիմն է. fip.am
Advertisement 1000 x 90

Նաիրա Զոհրաբյանի «մեղադրանքը» իշխանության բոլոր կառույցներին անհիմն է. fip.am

2018թ. ապրիլին հեղափոխության ժամանակ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից վիրավորված ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի առողջության հարցն անտեղի է շահարկվել ԱԺ ամբիոնից։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից խոսել է ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին, որը 2018թ. ապրիլին Բաղրամյան պողոտայում վիրավորվել էր ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից: Իր խոսքում ԱԺ պատգամավորը նշել է, որ քաղաքացին արդեն «մեկ տարի է՝ փորձում է վերականգնել իր առողջությունը, դիմել է իշխանության բոլոր կառույցներին, և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։

ԱԺ պատգամավորին արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Վերջինս նշել է, թե չէր ցանկանա, որ «Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից և ներկայացվեր, թե իբրև իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ»: Ըստ Արփի Դավոյանի, ինքը զբաղվել է ՀՀ քաղաքացու խնդրով. «Առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել և փորձել աջակցել»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ֆեյսբուքյան հանրագրով անդրադարձել է խնդրին՝ մի քանի ապացույցներ ներկայացնելով առ այն, որ ինքը ևս տեղյակ է քաղաքացու առջև ծառացած իրավիճակին և մի քանի նախարարական հրաման է արձակել այդ առիթով։ Ըստ նախարարի, ինքն անձամբ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված է եղել սկսած դեռ 2018թ. մայիսից։

Իր պաշտպանյալի՝ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին ֆեյսբուքյան հարթակում հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Եգորյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ըստ  իր ելույթի, հենց Զավեն Գրիգորյանի փաստաբանի հետ ունեցած մասնավոր զրույցի արդյունքում էր եկել այն եզրահանգման, որ «ՀՀ հպարտ քաղաքացին դիմել է իշխանության բոլոր կառույցներին, և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։

Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի, սակայն, իր պաշտպանյալի առողջական խնդրի մասին միշտ էլ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են եղել։ Ավելին՝ փաստաբանը հատուկ ընդգծում է, որ «Զավենի առողջական խնդիրների լուծման հարցում ստացել ենք Առողջապահության նախարարության աջակցությունը»։

Իհարկե, ներկայում ՀՀ քաղաքացին բավականին բարդ առողջական և ֆինանսական խնդրի առջև է կանգնած, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի հայտարարությունն առ այն, թե «որևէ տեղից արձագանք չի տրվել», ապատեղեկատվություն է։ Այն կարող է նույնիսկ չգիտակցված լինել, սակայն աղմուկ առաջացրած ելույթից առաջ ԱԺ պատգամավորը կարող էր առավել տեղեկացված լինել խնդրին՝ չառաջացնելով հակասական վերաբերմունք ՀՀ քաղաքացու՝ իր մտահոգության հանդեպ։

fip.am



Նման նյութեր