Տիկին Համբարձումյան, երեկ հետաձգվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ քրեական գործը վերաբացելու վերաբերյալ բողոքի քննությունը։ Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը։
Սա Արամ Հարությունյանի կաշառք տալու գործի քննության մի հատվածն էր, որը վերաբերում էր Արաքս Դիլանյանին։ Քննիչը ներկայացրեց նոր երևան եկած հանգամանքներ, և մինչ դատարանը կուսումնասիրի այդ փաստաթղթերը, դատը հետաձգվեց ապրիլի 15-ին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն են նաև խոսել ձեր մասով՝ նշելով, որ Քոչարյանը ձեզ ընդհանրապես չի ճանաչում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
Ես այդ հայտարարությունը չեմ լսել, կլսեմ հարցազրույցը, նոր կպատասխանեմ հարցերի։ Ես Ռոբերտ Քոչարյանին ճանաչել եմ որպես հանրապետության նախագահ, անձամբ չեմ ճանաչել, իսկ մեր միջնորդը եղել է Սամվել Մայրապետյանը։ Բոլոր հարցերը ինքն է լուծել։
Առաջիկայում նոր բացահայտումներ կլինե՞ն այս գործերով։ Ի՞նչ նոր փաստերի ականատես կլինենք։
Իմ առումով նոր բան չի լինելու, որովհետև իմը սա էր, որ 2015 թվականից սկսել եմ Արամ Հարությունյանին կաշառք տալու գործը և նաև «մարտի 1»-ի գործով դարձա վկա։ Ես ուրիշ բացահայտումներ չունեմ անելու։
Մամուլը գրեց, որ առերեսում է եղել ձեր և Վարդան Օսկանյանի միջև։
Այո, եղել է առերեսում, և երկուսիս ցուցմունքները համընկել է, ոչ մի խնդիր չունենք։
Դուք Արամ Հարությունյանից պահանջում եք հանքերի գումա՞րը։ Ո՞րն է ձեր վերջնական պահանջը։
Իմ պահանջը իմ 14 մլն դոլարի վերադարձն է։
Բայց Դուք պնդում եք, որ ձեզ պարտք է նաև Վարդան Այվազյանը։ Նրա դեմ պահանջ չունե՞ք։
Վարդան Այվազյանի և Սուրիկ Խաչատրյանի հետ կապված հարցը կապված կլինի Սուրիկ Խաչատրյանի հետ, քանի որ ես ունեմ հիմնավոր փաստաթղթեր։ Իսկ Վարդան Այվազյանին կանխիկ է տրվել. 500 հազար դոլարից մեծ մասը վերադարձվել է, մնում է 70 հազարը։ Այդ 70 հազարը տարիներով ձգեց, ասաց՝ գնամ Թբիլիսի գամ, կտամ։ Մինչև այսօր չի վերադարձրել։ Եթե խորանանք փաստաթղթերում, դա էլ կարելի է վեր հանել, քանի որ իրենց ՍՊԸ-ն իմը դարձավ, բայց պարզվեց, որ հանքը սխալ տեղում է, և ես այդ ՍՊԸ-ն վերադարձրեցի իրեն։ Նա 430 հազարը վերադարձրեց, 70 հազարը մնաց։ Մեծ գործերն ավարտենք, կմնա փոքրերը: Իսկ Սուրիկ Խաչատրյանի մասով ես դիմումը ներկայացրել եմ հանրապետության դատախազին։
Իսկ Սուրիկ Խաչատրյանի գործը որ փուլում է, նա կարծեք թե հանրապետությունում չէ։
Այո, նա հանրապետությունում չէ, բայց որդին հանրապետությունում է և անընդհատ կապի մեջ է հոր հետ։ Ես դիմել եմ դատախազություն, թե ինչու չեն արձագանքում, ինձ պատասխանեցին, որ հիմա շատ խիստ զբաղված են շատ ավելի կարևոր գործերով, շուտով դրան էլ կհասնեն։
Իսկ Սուրիկ Խաչատրյանը որքա՞ն գումար է պարտք ձեզ։
Սուրիկ Խաչատրյանն, ընդհանուր առմամբ, գողացածը 102 մլն դրամ է, իսկ 10 մլն-ի գույքը, որ վերցրել է 260 մլն-ով, մնացած տարբերությունը չի տվել, դա էլ կքննվի։ Այս պահին իմ բողոքը 102 մլն դրամի մասին է։
Այսինքն՝ որդի՞ն կանի անհրաժեշտ քայլերը։
Որդուն կհանձնարարի և վերջապես իրեն կհրավիրեն, իսկ եթե չգա, բոլոր միջոցները կան նրան բերելու։ Բոլորն էլ գիտեն, թե նա որտեղ է՝ Անգլիա, Ֆրանսիա։
Կարծում եք, որ նոր Հայաստանում այս բոլոր նոր գործերը կբացահայտվեն և Դուք ձեր գումարը հե՞տ կստանաք։
Այո, մենք ապրում ենք ավելի ազնիվ ու հպարտ Հայաստանում։ Կարծում եմ՝ այդ բոլորը պետք է բացահայտվեն, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ այո, Հայաստանը ամեն ինչով է փոխվել, նաև արդարություն է ի հայտ գալիս, և պետք է բացահայտվեն նախկին իշխանությունների բոլոր ստոր արարքները, հատկապես Բաղրամյան 26-ից եկած բոլոր հրամանները։
Հարկային նոր օրենսգիրքն է շուտով ԱԺ-ում քննարկվելու։ Ինչպե՞ս եք գնահատում համահարթ եկամտային հարկ ունենալու գաղափարը։
Ես դեռ 2018 թվականի հունիսին հայտարարեցի, որ հարկային օրենսգրքի լիարժեք փոփոխություն է պետք։ Երևի չեն հրավիրում մարդկանց, որոնք կարող են իրոք լավ հարկային օրենսգիրք մշակել։ Ես կիսատ-պռատ փոփոխությունները չեմ ընդունում։ Պետք է հրավիրեն մարդկանց, որոնք այս հարկային դաշտը ստեղծել են, մենք ենք ստեղծել հարկային դաշտը 1990-ականներին։ Մեր աչքի առաջ է դա ստեղծվել, դրա համար պետք է կանչել այն մարդկանց, որոնք այդ թոհուբոհի միջով անցել են։