Ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններով. Զարուհի Բաթոյան
Advertisement 1000 x 90

Ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններով. Զարուհի Բաթոյան

Հայաստանում այսուհետ ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին:

Կառավարությունը ընդունեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախագծի` ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: «Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար։ Ներքին կարգապահական կանոնները հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը», – ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ն, արդյոք, այդ պահանջներ բավարարող ապաստարաններ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում երկու ապաստարան կա՝ հիմնված բացառապես հասարակական կազմակերպությունների կողմից:

«Ցավոք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռ որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրել, սակայն այս տարի մենք նախատեսում ենք դա իրականացնել, և կառավարության այս որոշումը կտարածվի այսուհետ ստեղծվող յուրաքանչյուր ապաստարանի համար: Այսինքն` անկախ նրանից այդ ապաստարանները կստեղծվեն պետության կողմից, պետության աջակցությամբ, թե հասարակական կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնք պետք է ապահովի ապաստարանը»,- ասաց Բաթոյանը:



Նման նյութեր