«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի համացանցային լրատվամիջոցների մոնիտորինգ
Advertisement 1000 x 90

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի համացանցային լրատվամիջոցների մոնիտորինգ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի համացանցային լրատվամիջոցների մոնիտորինգ` որոշակի թեմաներով։ Հերթական թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 19-ին տեղի ունեցած շուրջ 4,5 ժամ տևած ասուլիսն էր, որտեղ վարչապետն անդրադարձավ ամենատարբեր թեմաների։

Ֆեյսբուքյան գրառումների և լայվերից հետո, որոնք միայն միակողմանի հաղորդակցություն են ապահովում, այս ասուլիսը շատ սպասված էր, քանի որ հնարավորություն էր տալիս անդրադառնալ ոչ թե այն խնդիրներին, որոնք վարչապետն էր կարևորում, այլ՝ լրատվամիջոցներին, և, ենթադրաբար, հասարակությանը հուզող հարցերին։

Հայաստանի 34 առաջատար առցանց լրատվամիջոցի վերլուծությունը ցույց է տալիս, որ ասուլիսի վերաբերյալ եղել է 683 արձագանք, որոնցից 200-ը՝ բացասական, 27-ը՝ դրական և 456-ը՝ չեզոք։

Բացասական արձագանքների գերակշռությանը կարելի է 2 բացատրություն տալ։ Մեկն այն է, որ հասարակությունը չստացավ իրեն հուզող հարցերի պատասխանը, Հայաստանի զարգացման հեռանկարը մնում է անորոշ, անհասկանալի է անվտանգության հիմնախնդրի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագան։ Բացասական արձագանքների մի զգալի մաս էլ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտությանը, նրան, որ լինելով իշխանություն, նա միևնույն է շարունակում է մնալ նախկին ընդդիմադիր հայացքների լրագրողի ու խմբագրի մեթոդաբանության մեջ։

Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ ինչպես իշխանություններն են պնդում, հայաստանյան լրատավամիջոցները գտնվում են ընդդիմության ազդեցության տակ, և այդ պատճառով էլ կեղծ լուրեր են տարածում։ Այս առումով հատուկ պետք է նշել, որ բացասական արձագանքները հիմնականում մեկնաբանությունների ու կարծիքների միջոցով են, ոչ` լուրերի։

Իշխանությունների հետագա քայլերը ցույց կտան, թե իրենք որ բացատրությունն են նախընտրել. կամ կանսան քննադատությանը եւ շրջադարձ կկատարեն վարվող քաղաքականության մեջ, կամ կշարունակեն լրատվամիջոցներին «սև» ու «սպիտակ» գույներով ներկելը եւ կեղծ լուրերի տարածման մասին հայտարարությունները։

Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար



Նման նյութեր