ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ Նարեկ Սարգսյանի արտահանձման գործում երկարաձգման խնդիր չկա. «Էքստրադիցիոն փուլում ենք, մեր կողմից կոնվեկցիոն պահանջները ապահովված են, փաստաթղթերն ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի»։ Դատախազի կարծիքով՝ նմանատիպ գործընթացների պրակտիկան ցույց է տալիս, որ այս պահին եղած ժամանակը դեռեւս անհանգստացնող չէ. «Տվյալ երկրի իրավասու մարմինը դեռ պետք է որոշում կայացնի, որը անձը նույն ատյաններով բողոքարկելու հնարավորություն է ունենալու»։
Արթուր Դավթյանը խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի վերաբերյալ գործից։ Նա ասել է, որ Լ. Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկություններ դեռ չկան, հետեւաբար՝ էքստրադիցիոն գործընթացը չեն կարող համարել սկսված. «Այդ գործընթացը սկսում են միայն այն դեպքում, երբ մարդուն հայտնաբերում են, ձերբակալում, եւ իրենք դրա մասին պաշտոնապես տեղեկացվում են»։
Հիշեցնենք, որ քրեական գործով պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը, որը կատարվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից) նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ: