Իշխանության հարգելի ներկայացուցիչներ, դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել, կառուցեք տնտեսություն և պետականություն. Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Իշխանության հարգելի ներկայացուցիչներ, դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել, կառուցեք տնտեսություն և պետականություն. Հովհաննես Ավետիսյան

Խաղաղություն ես ուզում պատրաստվի պատերազմի:

Սա դարերով փորձված և ճշմարտության հավակնող եզրույթ է, բայց մեզ համար կարծես դեռ այդքան էլ հասկանալի չէ:

Կարծում եմ պարզ է նաև որ, պատերազմները ինչքան էլ գաղափարական, քաղաքական և ազգայնական դրդապատճառներ ունենան դրանք ընդամենը ռեսուրսի համար պայքար են:
Հետևաբար պարզ է նաև, որ պատերազմներում հաղթում են առկա ռեսուրսները առավել արդյունավետ կառավարողները: Ներկա ժամանակներում դա չափվում է տնտեսության կայուն, ներառական և նշանակալի աճով, որը նաև հնարավորություն է տալիս ռազմական մեքենան առավել մարտունակ դարձնել (վառ օրինակ ԱՄՆ կամ Իսրաել):

Կարծում եմ պարզ է նաև, որ Ադրբեջանը ինչքան էլ տոտալիտար պետություն լինի տնտեսական աճով վերջին տաս և ավելի տարիների ընթացքում առավել մեծ տեմպերով է աճել և հետևաբար ավելի մեծ տնտեսական ուժ ունի քան մենք:
Այս պայմաններում ինձ համար ուղղակի անհասկանալի է, մեր իշխանությունների խաղաղության որոնումները, երբ մենք տնտեսություն չենք ուժեղացնում, երբ մենք եղած ռեսուրսները արդյունավետ չենք կառավարում, երբ Արցախի պատերազմում ռազմական հաղթանակից հետո առ այսօր տնտեսապես մենք ինքներզ մեզ ամեն օր շարունակում ենք պարտվել, երբ մեր քաղաքացին շարունակում է լքել իր հայրենիքը:

Այս ամենը Ադրբեջանը շատ լավ հասկանում է և հետևաբար, եթե Արցախի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը քսան տարի առաջ դեռ հնարավոր էր, ես վստահ եմ, որ ներկայում, հաշվի առնելով վերոգրյալ տնտեսական նախադրյալներն ու վիճակը, խաղաղ հանգուցալուծումն ուղղակի անհնար է:

Կարծում եմ, երբ իշխանությունները չեն գիտակցում այս պարզ իրողությունը, ապա չեն գործադրում համապատասխան ջանքեր մեր երկրի ռեսուրսները մաքսիմալ արդյունավետ օգտագործելու և շեշտակի տեմպերով տնտեսական աճ ու բարեկեցություն ապահովելու համար: Վստահ եմ, միայն տնտեսապես հզոր պետություն կառուցելու դեպքում հնարավոր է, կրկնեմ հնարավոր է, որ Ադրբեջանը մտածի խաղաղության մասին: Ներկա պայմաններում դրա մասին նույնիսկ մտածելը մեզ բոլորիս համար վտանգավոր անմտություն է:

Իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հաղթենք առաջին հերթին ինքներս մեզ, դուրս գանք հոռի շրջանից, կառավարման նախկին ձախողված մոդելից և հզորացնենք տնտեսությունը. սա է Արցախը ազատ և անկախ պահելու միակ բանաձևը: Դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել, կառուցեք տնտեսություն և պետականություն: Ժամանակը մեր դեմ է աշխատում:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր