Առաջատար գիտնականների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողով՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Միջազգային տնտեսական գիտաժողովի անցկացմանն աջակցում են Եվրոպական միությունը, ՀՀ կառավարությունը և Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը: Ինչպես տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունից, գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:
Միջազգային տնտեսական գիտաժողովը համանախագահում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը: Թոմաս Լուքսը Գերմանիայի կառավարության խորհրդատու է, որը հայտնի է նաև տնտեսության զարգացման միտումների ճշգրիտ կանխատեսումներով:
Երկօրյա գիտաժողովի արդյունքում, դիտարկելով նաև Հայաստանի օրինակը, անվանի մասնագետները կքննարկեն տնտեսության զարգացման արդյունավետ ուղիները, այնուհետև համապատասխան ծրագիր կներկայացնեն կառավարությանը:
Գիտաժողովի շրջանակում դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեկ փորձագետ Դիդիեր Սորնետը: Տեսակապով գիտաժողովին կմիանա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, որը Ուոլլ Սթրիթի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչներ, գիտական աշխատողներ և փորձագետներ:
Միջազգային տնտեսական գիտաժողովն իրականացվում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Միջազգային տնտեսական համաժողովի գործընկերն է «Ամերիաբանկ»-ը: