Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ապրիլի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր շրջանառության մեջ դրեցի 3 նախագիծ, որոնցով առաջարկում եմ անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները:
Տվյալ նախագծերով առաջարկում եմ Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:
Յուրաքանչյուր քաղաքի փողոցի անվանումն իր մեջ ներառում է պետության և մշակույթի հետ կապված կարևոր տեղեկատվություն։ Այն ներկայացնում է քաղաքի և շրջակայքի պատմությունը, տարածաշրջանի բնական-աշխարհագրական պայմանները, կրոնի, հավատքի կամ գաղափարական համոզմունքների, քաղաքային բնակչության սոցիալական առանձնահատկությունների և այլնի մասին։ Բացի այդ, դրանք իրենց ներդաշնակ հնչեղությամբ և ամրագրված իմաստով կարող են ազդել քաղաքի հոգևոր մթնոլորտի, ազգաբնակչության հոգևոր-բարոյական վիճակի վրա։
Վերը նշված փողոցներն ու պողոտան չեն ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով։ Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները, այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը:
Առաջարկվող այս անվանափոխություններն ունեն նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ»։