Lifehacker հարթակն առաջարկում է ծանոթանալ թվով 8 որոնողական համակարգերի, որոնք իրենց գործառույթներով ավելի լավն են, քան ամենահայտնի Google-ը:
Խոսքը ո՛չ Yandex-ի, ո՛չ էլ Bing-ի մասին է: Կան որոնման համակարգեր, որոնք ավելի լավն են, քան շուկայի առաջատարները:
- DuckDuckGo
DuckDuckGo-ն բավականին հայտնի բաց կոդով որոնման համակարգ է: Սերվերները գտնվում են ԱՄՆ-ում: Իր համակարգից բացի, որոնման համակարգն օգտագործում է այլ աղբյուրների արդյունքներ` Yahoo, Bing, Վիքիպեդիա:
DuckDuckGo-ն ներկայացնում է իրեն՝ որպես ամենագաղտնի որոնման համակարգ: Այն չի հավաքում օգտագործողի մասին տվյալներ, չի պահում տեղեկամատյանները (որոնման պատմություն), իսկ cookie- ների օգտագործումը հնարավորինս սահմանափակ է:
Բոլոր խոշոր որոնողական համակարգերը փորձում են անհատականացնել որոնման արդյունքները՝ ըստ մոնիտորի դիմաց նստած անձի ներկայացրած տվյալների: Այս երևույթը կոչվում է «զտիչ փուչիկ». օգտատերը տեսնում է միայն այն արդյունքները, որոնք համապատասխանում են իր նախասիրություններին:
DuckDuckGo-ն ստեղծում է օբյեկտիվ պատկեր, որը կախված չէ ձեր նախորդ վարքագծից որոնողական համակարգում: DuckDuckGo-ից օգտվելը հեշտ է որոնման օտար լեզուներով, մինչդեռ Google-ը և Yandex-ը հիմնականում առաջարկում են ռուսալեզու կայքեր, նույնիսկ, եթե հարցումը մուտքագրվում է մեկ այլ լեզվով:
- not Evil
not Evil-ը համակարգ է, որն իրականացնում է որոնումը Tor անանուն ցանցով: Օգտագործման համար հարկավոր է անցնել այս ցանցին, օրինակ` մասնագիտացված բրաուզերի մեկնարկի միջոցով:
Որոնողական այս համակարգը որոնում է իրացնում այնտեղ, որտեղ Google-ի և Yandex-ի մուտքը հիմնականում արգելված է:
Tor ցանցում առկա են բազմաթիվ ռեսուրսներ, որոնք հասանելի չեն համացանցի սովորական տիրույթում: Եվ դրանց թիվը կաճի, քանի որ ցանցի բովանդակության նկատմամբ իշխանությունների վերահսկողությունը խստացվում է: Tor-ը ցանցի ներսում ինքատիպ ցանցի մի տեսակ է՝ իր սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով, առևտրային հարթակներով, բլոգներով, գրադարաններով և այլն:
- YaCy
YaCy-ն ապակենտրոնացված որոնման համակարգ է, որն աշխատում է P2P ցանցերի սկզբունքով: Յուրաքանչյուր համակարգիչ, որի վրա տեղադրվում է հիմնական ծրագրային մոդուլը, ինքնաբերաբար սկանավորում է համացանցը, այսինքն` որոնման ռոբոտի անալոգն է դառնում: Արդյունքները հավաքվում են ընդհանուր տվյալների բազայում, որն օգտագործվում է YaCy-ի բոլոր անդամների կողմից:
Դժվար է ասել, թե սա ավելի լա՞վ է, թե՞ վատ, քանի որ YaCy-ն որոնման կազմակերպման ամբողջովին այլ մոտեցում է: Մեկ սերվերի բացակայությունը և ընկերության սեփականատիրոջ բացակայությունը արդյունքներն ամբողջությամբ անկախացնում են՝ չհիմնելով դրանք որևէ մեկի նախասիրությունների վրա: Յուրաքանչյուր հանգույցի ինքնավարությունը բացառում է գրաքննությունը: YaCy-ն ի վիճակի է փնտրել համացանցի շատ ավելի խորքերում, քան մյուս համակարգերը:
- Pipl
Սա համակարգ է, որ օգնում է փնտրել տեղեկատվություն կոնկրետ մարդու մասին:
Pipl-ի հեղինակները պնդում են, որ իրենց մասնագիտացված ալգորիթմները որոնում են ավելի արդյունավետ, քան «սովորական» որոնման համակարգերը: Մասնավորապես, տեղեկատվության առաջնային աղբյուրներն են սոցիալական ցանցի պրոֆիլները, մեկնաբանությունները, մասնակիցների ցուցակները և տարբեր տվյալների բազաները, որտեղ մարդկանց մասին տեղեկություններ են հրապարակվում, օրինակ, դատարանի որոշումների բազաները: Pipl-ի առաջատարությունն այս ոլորտում հաստատում են Lifehacker.com, TechCrunch և այլ հրատարակությունները:
Եթե ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն գտնել Միացյալ Նահանգներում ապրող մարդու մասին, ապա Pipl-ը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Google-ը:
- FindSounds
FindSounds-ը ևս մեկ մասնագիտացված որոնման համակարգ է: Այն տարբեր բաց աղբյուրներում որոնում է ձայներ և տարբեր հնչյուններ՝ տան, բնության, մեքենաների, մարդկանց և այլն:
Ծառայությունից կարելի է օգտվել մի շարք լեզուներով, սակայն, օրինակ՝ բացակայում են հայերենը և ռուսերենը:
Համակարգում միայն հնչյուններ են և ուրիշ ոչինչ: Բոլոր հնչյունները հնարավոր է բեռնել: Կարող եք որոնել նախատիպի միջոցով:
- Wolfram|Alpha
Wolfram | Alpha-ն հաշվարկային որոնման համակարգ է: Հիմնական բառեր պարունակող հոդվածների փոխարեն, այն տալիս է օգտատիրոջ հարցին կոկրետ պատասխան: Օրինակ, եթե դուք համեմատեք Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի բնակչության թիվը, այն անմիջապես կներկայացնի գրաֆիկ:
Եթե դուք, օրինակ, ուսանող, վերլուծաբան, լրագրող կամ գիտաշխատող եք, կարող եք օգտագործել Wolfram | Alpha-ն, ձեր գործունեության հետ կապված տվյալները գտնելու և հաշվարկելու համար: Ծառայությունը չի հասկանում բոլոր պահանջները, բայց անընդհատ զարգանում է:
- Dogpile
Dogpile-ը ցուցադրում է արդյունքների ընդհանրացված ցուցակ՝ Google-ի, Yahoo-ի և այլ հայտնի համակարգերի որոնման արդյունքների հիման վրա:
Dogpile-ն ցուցադրում է հայտնի համակարգերի ամենատարածված պատասխանները, և, եթե դուք չեք ցանկանում տարբեր համակարգերում որոնումներ կատարել, կարող եք օգտագործել Dogpile-ը:
- BoardReader
BoardReader-ը ֆորումների, Q & A-ի (հարց-պատասխան) և այլ ինտերնետ-համայնքների համար տեքստի որոնման համակարգ է:
Ծառայությունը թույլ է տալիս ձեզ նեղացնել որոնման դաշտը՝ հասցնելով այն սոցիալական կայքերի մակարդակին: Հատուկ ֆիլտրերի շնորհիվ դուք կարող եք արագ գտնել հաղորդագրություններ և մեկնաբանություններ, որոնք համապատասխանում են ձեր չափանիշերին` լեզու, հրապարակման ամսաթիվ և կայքի անվանում:
Սիրարփի Աղաբաբյան