Ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկանալով՝ ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով տեղում հանձնարարականներ տվեց թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներին և խոստացավ, որ հնարավորի սահմաններում սատար են կանգնելու տուժած բնակիչներին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: Տան պատը, առաստաղը ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանը այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ ծալապակաս վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: