Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը:
Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող 84քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն իր 2245,5քմ մակերեսով սպասարկման հողամասով 780.000 ՀՀ դրամով օտարվել է Վ. Ս-ին, 748,45քմ մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 5600քմ մակերեսով հողը 1.550.000 ՀՀ դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ մակերեսով սպասարկման հողամասով 108.000 ՀՀ դրամով ՝ Դ. Ս-ին: Իսկ 1807քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 2300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել է Վ. Ս-ին:
Իսկ Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու և դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է Վարդավառ զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ կազմող նշված ողջ հողատարածքը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ծանր վնասներ պատճառելու հանցագործության հատկանիշներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: